Իշխող քաղաքական ուժն ի վիճակի չէ ճիշտ որոշումներ կայացնել. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շարունակում էր պնդել, որ իշխող քաղաքական ուժն ի վիճակի չէ ճիշտ որոշումներ կայացնել՝ ճիշտ պետություն կառուցելու համար, քանի որ, նրա համոզմամբ, «վերևներում» անհրաժեշտ մասնագիտներ չկան:
«Իրանք նույնն են մնացել, այդ մակարդակով չի կարելի ոչինչ փոխել»,- ասաց Բագրատյանն ու նկատեց, թե 5-րդ գումարման ԱԺ-ն ավելի հետաքրքիր է միայն շնորհիվ իրենց (ՀԱԿ-ի – Tert.am) ներկայության:
Բագրատյանը համաձայնեց այն տեսակետի հետ, թե իր ելույթը կարող է դիտվել քաղաքական, սակայն վերջինս նաև նշեց, որ այն միմիայն հիմնված է փաստերի վրա:
«Այո, դա քաղաքական ելույթ է, բայց փաստեր կան և ես ասում եմ, որ ամենամեծ պրոբլեմը, որի դեմ հարկ կլինի այնտեղ (ԱԺ-ում-Tert.am) պայքարել՝ դա ցինիզմն է»,- ասաց նա և որպես ասված հիմնավորում նշեց, որ իր հարցադրումներից և վարչապետի պատասխանից հասկանալի է դառնում, որ մարդը ոչինչ չգիտի:
«Դու հասկանում ես, որ մարդը պարզապես, չգիտի, որ պետք է մի քիչ ավելի կարդալ, քան սոցիալական տնտեսագիտությունն է»,-նկատեց Բագրատյանն ու ավելացրեց, թե ՀԱԿ-ը պետք է գար ԱԺ, որ մարդիկ իմանային՝ մեր արտաքին պետական պարտքը ոչ թե 4 միլիարդ է, այլ՝ 6,5:
«Եթե առաջ ասում էին, թե 4 մլրդ է, սրանից հետո տենց բան չեն ասի, հավատացնում եմ»,- ասաց Բագրատյանն ու բացատրեց, որ 2,5 միլիարդ մասնավոր սեկտորինն է, որի առյուծի բաժինը բանկերին է ընկնում։ Այսինքն, եթե բանկը չկարողանա պարտքը տալ, պետությունն է վազելու դա տալու համար։
Բագրատյանի գնահատմամբ՝ Կառավարության գործունեության ծրագիրը ոչ թե ծրագիր է, այլ պլան, որը, նրա բնորոշմամբ, հիմնականում ֆրազներից է կազմված:
Ապա բացատրեց պլանի և ծրագրի տարբերությունը. «Ես պլան եմ կազմում, որ սեպտեմբերին տղայիս ամուսնացնեմ, սենյակս վերանորոգեմ, մեքենա առնեմ: Իսկ ծրագրի դեպքում՝ կողքը գրում եմ, թե ինչի՞ հաշվին եմ անում: Պլանը հաշվի չի առնում, թե ինչքան փող ունես»:
Միակ դրական բանը, որ նախկին վարչապետը տեսել է Կառավարության ծրագրում, մշակույթի ոլորտում նախատեսվող նորարարությունն է, այն է՝ հայկական երաժշտություն պետք է դասավանդվի դպրոցներում:
«Ողջունում եմ, լավ նախադասություն տեսա, ասի լավն ա: Մյուսների դեպքում ոչ մի բան չկա: Թե բան կա՝ ասեք»,- ասաց Բագրատյանն ու ինքն էլ պատասխանեց. «Զրո»:
ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ոչ մի հարցադրմանը չեն պատասխանել, քանի որ ինքը խոսել է փաստարկված:
Այս ամենի դեմն առնելու համար, Բագրատյանի խոսքով, ինքն այլ բան անել չի կարող, քան բարձրաձայնել այդ մասին:









