Թուրք գիտնականները հայկական և ասորական 350 պատմական կոթողի մնացորդներ են գտել
Բաթմանի համալսարանի աշխատանքային խումբը Թուրքիայի 5 շրջաններում ուսումնասիրություններ է կատարել և գտել ավերված 350 եկեղեցի, մենաստան, ամրոց, աղբյուր և այլ պատմական շինությունների մնացորդներ:
Ինչպես տեղեկացնում է Sondakika կայքը, դրանց մեծ մասը պատկանում են հայերին և ասորիներին. այդ պատմական քարերը շրջակա գյուղերի բնակիչներն օգտագործել են իրենց գյուղերի տներն ու գոմերը կառուցելու համար:
Ուսումնասիրությունն իրականացրել է Բաթմանի համալսարանի դոկտոր Մեհմեդ Էմին Շենը` 5 հոգանոց աշխատանքային խմբի հետ: Երկու հնագետների, երկու պատմաբանների և մի լուսանկարչի կողմից իրականացված աշխատանքները տևել են մոտ 6 ամիս:
Սասունի շրջանի Գուրգենլի գյուղի Թաշփընարի ամրոցի ավերակներից վերցված խաչքարի օգտագործումը հարակից տներից մեկում ապշեցրել է խմբի անդամներին:
Հետազոտողների ուշադրությունը գրավել է նաև նույն գյուղի ախոռներից մեկի պատը կառուցելու համար օգտագործված հայերեն տառերով քարերը:
«Առաջին անգամ է նման ուսումնասիրություն իրականացվում և այն լուսյ է սփռում Բաթմանի նահանգում թաքնված պատմության վրա»,- ասել է Էմին Շենը:
Սասունի հայերի միության ղեկավար Ազիզ Դաղջըն կարևորել է իրականացված ուսումնասիրությունները:
«Հայերը և ասորիները կարևոր պատմական կոթողներ են ունեցել այս տարածքներում: Դրանց մնացորդների հայտնվելը գյուղերի տների և ախոռների պատերին, ցույց է տալիս, թե որքանով ենք մենք արժևորում պատմությունը: Նման աշխատանքների շնորհիվ հնարավոր է նաև զարգացնել զբոսաշրջությունը Բաթմանում: Այս աշխատանքների շնորհիվ հնարավոր է փակել նաև այս տարածքներում գանձեր որոնողների ճանապարհը»,- ասել է նա:









