Լեգենդար BMW M1-ին հետնորդ են նախապատրաստում, որը 2016թ. ասպարեզ կհանվի (լուսանկարներ)
BMW-ի մոդելային շարքում վերջապես կարող է հայտնվել М1 սուպերմեքենան: Ավելի վաղ, կոնցեռնի բարձրագույն պաշտոնյաները հերքել էին 70-ականների հայտնի մոդելին հետնորդ նախապատրաստելու մասին լուրերը, սակայն վերջին տվյալների համաձայն, որոնց մասին տեղեկացել է Automobilwoche պարբերականը, նման մեքենա, այնուամենայնիվ, պատրաստվում է և շուկայում կհայտնվի 2016թ.:
Որպես ապացույց այն բանի, որ BMW-ն աշխատում է սուպերմեքենայի ստեղծման վրա կարող է հանդիսանալ այն փաստը, որ բավարացիները արտոնագրային իրավունքներ են նախապատրաստում М1 ապրանքանիշի համար` այս մասին հայտնի է դարձել ամառվա սկզբին:
Automobilwoche պարբերականը ավելացնում է, որ նաև տեխնիկական որոշ տեղեկություններ է հայթհայթել BMW-ի ապագա դրոշակակրի վերաբերյալ:
Պարբերականի տեղեկություններով, սուպերմեքենան գերժամանակակից կարբոնե իրան կստանա այլումինից, տիտանից և մագնեզիումից պատրաստված կարկասով:
Դա հնարավորություն կտա, որպեսզի մեքենայի քաշը չգերազանցի 1250 կիլոգրամը:
Որպես ուժային ագրեգատ բավարացիները մտադիր են օգտագործել 8 գլանային տուրբոշարժիչ, որը մոտ 650 ձիաուժ հզորություն կունենա և М1-ին հնարավորություն կտա մինչև 330 կմ/ժ արագության զարգացնել։
Չնայած իր տպավորիչ հզորությանը, շարժիչը բավականին տնտեսող կլինի արգելակային էներգիայի օգտագործման և «մեկնարկ-կանգառ» համակարգի շնորհիվ:
Դեռ չի նշվում, թե շարժիչը մեքենայի որ հատվածում կտեղադրվի, սակայն հավանական է, որ այն կենտրոնադիր լինի:
Իր հերթին, Auto Bild-ը հաղորդում է, որ կոնցեռնը նորույթը շուկա կհանի 2016թ.։ Մեքենան կարժենա մոտ 250 հազար եվրո։









