Սաակաշվիլին ու Իվանիշվիլին գաղտնի գործարքի մե՞ջ. Независимая газета

13:23 • 22.06.12

Վրաստանի ընդդիմադիր ճամբարում նշանակալի իրադարձություն է` խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն միանում է ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիային: Իվանիշվիլիի հետ բանակցություններ է վարում նաև հասարակական հայտնի գործիչների «Ազգային ժողով» ոչ պաշտոնական միավորումը, որի հետ ակտիվ համագործակցում է նաև Բուրջանաձեն, գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն:

 

Այս օրերին որոշ հարցերի շուրջ իշխանությունների կարծիքից տարբերվող կարծիք հայտնեց նաև Վրաստանի ուղղափառ եկեղեցին, ինչն էլ դրա` ընդդիմադիր կեցվածք ընդունելու մասին խոսակցությունների առիթ տվեց: Մասնավորապես` Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդը հատուկ ուղերձում պահանջել էր անհապաղ դադարեցնել Քութաիսիի մոտ գտնվող Բագրատի վանքի վերականգնման աշխատանքները: Այս հուշարձանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգությունների ոսկե ցանկում:

Հայտնի վանքի վերականգնումը, մասնագետների համաձայն, արվում է շինության ճարտարապետության աղավաղմամբ, որն արժեզրկում է դրա պատմական նշանակությունը: Թեև այս մեղադրանքներն իշխանությունները հերքեցին, սակայն դրանք մասամբ դադարեցվեցին:

 

«Աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների տարաձայնության ենթատեքստում շատերը տեսան Վրաստանի ուղղափառ եկեղեցու ընդդիմադիր կեցվածքի նշաններ»,- գրում է հոդվածագիր Յուրի Ռոքսը:


Թվում է, թե տարօրինակ ոչ մի բան չկա, որ Եկեղեցին դեմ է հին վանքերի վերականգնման աշխատանքներին` առանց իր համաձայնության, սակայն երկիրն աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին այնքան է բևեռացել, որ իշխանությունների կարծիքից տարբերվող յուրաքանչյուր կարծիք ընդունվում է որպես ընդդիմադիր շարքերի համալրում»,- գրում է հոդվածագիր Յուրի Ռոքսը` հավելելով, որ հենց հասարակության բևեռացմամբ կարելի է բացատրել Բուրջանաձե-Իվանիշվիլի միավորումը:

 

Ըստ թերթի` շատ քաղաքական գործիչներ, որոնք որոշել էին գնալ իրենց ճանապարհով, վախեցան հեռանկարում անկյունում մնալուց և ձգվեցին մեկը «Վրացական երազանք»-ի, մյուսը` «Ազգային շարժման» ետևից: Դեռ քիչ թե շատ ազդեցիկ ուժերից մի կողմում է մնում Լեյբորիստական կուսակցությունը, որը կարծում է, որ իշխող «Միասնական ազգային շարժում»-ն ու ընդդիմադիր «Վրացական երազանք»-ը իրականում գաղտնի գործարք են կնքել և հանդիսանում են միևնույն հրեշի երկու գլուխը:


«Սակայն, եթե օրերից մի օր պարզվի, որ լեյբորիստները ճիշտ են եղել իրենց «գուշակություններում», ապա պետք է խոտովանել, որ իշխանության դեմ խիստ դիմակայությունն ընդդիմությունը չափազանց հավաստի է ներկայացնում»,- եզրափակում է հոդվածագիրը: