Մոսկվան մտադիր է իր շահերը պաշտպանել Կովկասում ամենատարբեր միջոցներով. Независимая газета

10:49 • 22.06.12

Ռուսաստանի հարավում ու Հայաստանում ՌԴ բանակի «Կովկաս-2012» ու Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Փոխգործակցություն- 2012» ռազմավարական նշանակության հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման շրջանակում սկսվել են օպերատիվ-տակտիկական վարժանքներ` մարտական տեխնիկայի ու սպառազինությունների օգտագործմամբ:


«Վարժանքները համարվում են պլանային: Սակայն, ամենից դատելով, դրանք անմիջականորեն պայմանավորված են Կասպյան տարածաշրջանում, Իրանում ու Սիրիայում տնտեսական, աշխարհաքաղաքական ու ռազմական խնդիրների սրմամբ, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությամբ»,- գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:


Թերթի համաձայն` Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ստավրոպոլի երկրամասում գտնվող «Սերնովոդսկի» հրաձգարանում այս օրերին սկսվում են ՀՌՕ-ի կապի զորքերի հատուկ տակտիկական վարժանքները: Դրանց ժամանակ զորքը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ու ռադիոտեխնիկայի միջոցով կլուծի գաղտնի կառավարման խնդիրներ: Վարժանքներին կմասնակցեն Հարավային Օսիայում ու Աբխազիայում տեղակայված ստորաբաժանումները, ինչպես նաև Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի անձնակազմը:


Հոդվածագիր Վլադիմիր Մուխինը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի օրերս արված հայտարարությունը, համաձայն որի` վարժանքների ժամանակ զորքը կբերվի մարտական բարձր պատրաստվածության: Նրա խոսքով` ազգային հրամանատարաշտաբային վարժանքները կապված են այս տարվա սեպտեմբերին անցկացվելիք ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2012» և ՌԴ «Կովկաս-2012»-ի հետ:

«Նման զորավարժություններին, որոնց ժամանակ սպասվում է ռուս դեսանտայինների այց Հայաստան, հարևան Ադրբեջանն ու Վրաստանը վերաբերվում են մեղմ ասած` զգուշավոր»,- գրում է հոդվածագիրը:

 

«Կովկաս-2012»-ի նախապատրաստական շրջանակներում այս օրերին Կասպից ծովում անցկացվում են վարժանքներ` Կասպյան նավատորմի նավերի մասնակցությամբ:

Առաջիկա ամիսներին այստեղ հերթապահություն կիրականացնեն նոր նավեր, որոնք է’լ ավելի կբարձրացնեն նավատորմի մարտական պատրաստվածությունը: 


«Այսկերպ ռուսական իշխանությունները զգալի ուշադրություն են դարձնում Կասպյան շրջանում ու Կովկասում պաշտպանության ամրապնդմանը: Տարածաշրջանի ապառազմականացման մասին ոչ մի խոսք, իհարկե, չի գնում: Մոսկվան մտադիր է իր շահերը պաշտպանել ամենատարբեր միջոցներով, ինչու չէ նաև ուժի օգնությամբ»,- եզրափակում է թերթը: