ԵԽԽՎ–ում ՀՀ պատվիրակության հին կազմը մեկնում է Ստրասբուրգ
Ազգային ժողովի պատվիրակությունը հունիսի 25-29-ը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասին:
ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, կազմում են` Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը և Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ նախագահը հաստատեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նոր կազմը, որում կրկնին ընդգրկված են Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, իսկ օրինակ՝ Արմեն Ռուստամյանն ու Զարուհի Փոստանջյանն այլևս ոչ հիմնական կազմում են և, ինչպես հայտարարվել էր, նրանք Ստրասբուրգ կմեկնեն ռոտացիոն կարգով:
Tert.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, որ համաձայն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի՝ հին պատվիրակները մինչև վեց ամսվա ընթացքում կարող են փոխարինվել նորերով:
«Բայց ամբողջ խնդիրն այն է, որ չավարտված գործեր կան: Օրինակ, Հերմինե Նաղդալյանը զեկույց ունի»,-ասաց Դավիթ Հարությունյանը:









