Սիրիական ջրերում թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել

18:14 • 22.06.12

Թուրքական օդուժին պատկանող F-4 տիպի ռազմական Մալաթիայի օդանավակայանից օդ բարձրացած ինքնաթիռը այսօր առավոտյան կորել էր ռադարների տեսադաշտից:
 

Թռիչքից կես ժամ անց կապն օդաչուի հետ ընդհատվել էր և տարածքում որոնողափրկարարական աշխատանքներ էին սկսվել, որոնց մասնակցել են նաև Ինջիրլիքի ռազմաբազայից օդ բարձրացած ռազմական ուղղաթիռները:
 

Ինչպես տեղեկացնում է «Հյուրրիյեթ»-ը` ռազմական ինքնաթիռը հայտնաբերվել է Միջերկրական ծովում`  Սիրիայի տարածքային ջրերում:
 

Երկու օդաչուների մասին, սակայն, դեռևս ոչ մի տեղեկություն չկա: Նրանց գտնելու համար աշխատանքները շարունակում են Մերսինից և Իսքենդերունից ծով դուրս եկած փրկարարական նավերը:

 

Ըստ որոշ տվյալների` Թուրքիան արդեն դիմել է պաշտոնական Դամասկոսին` Սիրիայի ջրերում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն տրամադրելու խնդրանքով: