Հայաստանը մտադիր է սկսնակ բիզնեսի համար նոր պայմաններ ստեղծել. Տիգրան Սարգսյան

18:02 • 22.06.12

Հայաստանը մտադիր է ստեղծել նոր պայմաններ սկսնակ բիզնեսի համար. այսօր հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Առևտրի և զարգացման սևծովյան բանկի, Հայաստանի կառավարության ներկայացուցիչների, տնտեսական ու ֆինանսական շրջանակների, նաև ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցչի մասնակցությամբ տեղի ունեցած ֆորումի ժամանակ:


Ֆորումի աշխատանքներին մասնակցում էին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, հայաստանյան բանկային համակարգի ներկայացուցիչներ:

 

Վարչապետի ելույթի հիմքում Կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրն էր, և նա ներկայացրեց այն գերակա ուղղությունները, որոնցով ընթանալու է Հայաստանը, այն է՝ ազատ շուկայական մրցակցության խթանում, արտահանման լայն հնարավորություններ ունեցող մրցունակ տնտեսության ստեղծում, փոքր ու միջին բիզնեսի խթանում, մարդկային կապիտալի զարգացում և այլն:

 

«Մասնավորապես, ուզում եմ հիշատակել մի նոր կառուցի մասին, որ ստեղծվել է դոնորների օժանդակությամբ, այն պայմանականորեն անվանում ենք գիլյոտին՝ նպատակ ունենալով մի գիլյոտինի տակ գցել բոլոր ավելորդ պրոցեդուրաները, բյուրոկրատական գործընթացները, որոնք թանկացնում են բիզնեսը և ստեղծում են ավելորդ ռիսկեր»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

 

Վարչապետը՝ կառավարություն-մասնավոր հատված տեսանկյունից ներկայացնելով արդյունաբերական նոր քաղաքականության սկզբունքները, վստահություն հայտնեց, որ պետություն-մասնավոր հատված համաձայնագրերի շրջանակում կգտնվեն այնպիսի գաղափարներ, որոնք հետաքրքրություն կներկայացնեն ինչպես մասնավոր ներդրողների, այնպես էլ Առևտրի և զարգացման սևծովյան բանկի համար: Նա նաև ընդգծեց՝ Հայաստանը շահագրգռված է, որ վերջինս ևս ունենա իր մասնակցությունն այս ծրագրերում:

 

Նշենք, որ 2011-2014թթ. միջազգային այս բանկի ներդրման մասնակցությունը Հայաստանում աճելու է մոտ 50 միլիոն եվրոյով և ինչպես հայտարարվում է՝ կենտրոնանալու են ենթակառուցվածքների ու էներգիայի արդյունավետ օգտագործման, փոքր ու միջին ձեռնարկատիրության և արտահանման խթանման վրա:

 

ԱԶՍԲ-ի կապիտալում Հայաստանի մասնաբաժինը կազմում է 1%, ակտիվ ծրագրի ընդհանուր փաթեթում՝ պորտֆոլիոում`4 %, իսկ ակտիվ փաթեթը կազմում է 50.2 միլիոն եվրո: