Գերմանիայի նախագահն «ապտակ» է հասցրել Անգելա Մերկելին
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը հրաժարվել է ստորագրել Եվրոպական կայունացման մեխանիզմի ձևավորման ու Եվրոմիությունում բյուջետային կարգապահության խստացման մասին պայմանագրերը, գրում է Frankfurter Allgemeine Zeitung: Այդ մասին նախագահին խնդրել էր ԳԴՀ Սահմանադրական դաշնային դատարանը:
Մինչդեռ իշխող կոալիցիան, ում մեծ դժվարությամբ էր հաջողվել փաստաթղթերի շուրջ համաձայնության գալ ընդդիմության հետ, հույս ուներ, որ երկու պայմանագրերն էլ կվավերացվեն Բունդեսթագի կողմից արդեն հունիսի 29-ին:
«Ձախերի» կուսակցության փոխնախագահ Սառա Վագենկնեխթի խոսքով` նախագահի որոշումն «ապտակ» էր կանցլեր Անգելա Մերկելին: Նրա կարծիքով` սահմանադրական դատարանը կարող է օգտվել ընձեռված հնարավորությունից` Բյուջետային կարգապահության մասին պայմանագիրն ամբողջությամբ հակասահմանադրական ճանաչելու համար: «Ձախերը» համարում են այս պայամանգիրը սահմանադրության փաստացի փոփոխություն, այդ իսկ պատճառով կոչ են անում հանրաքվե անցկացնել:
Սոցիալ- դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Հուբերտուս Հայլն էլ հայտարարել է, որ կառավարությունը շատ ձգձգեց ընդդիմության հետ բանակցությունները, այդ իսկ պատճառով կասկածներ են առաջացել բանակցությունների սահմանադրականության հարցում:
Այժմ նախարարները կարճ ժամանակում պետք է ապացուցեն, որ նոր պայմանագրերը չեն հակասում գերմանական սահմանադրությանը:
Եվրոպական կայունացման մեխանիզմն ուղղված է ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարին: Համապատասխան պայմանագիրը եվրոգոտու երկրների հետ համաձայնեցվել էր դեռ 2011թ.-ի փետրվարին և հետագայում ստացել գերմանական կառավարության հավանությանը: Համաձայն պայմանավորվածության` այս տարի Գերմանիան պետք է հիմնադրամում ներդնի 8.7մլրդ եվրո:
Իսկ Բյուջետային կարգապահության մասին պայմանագիրը Եվրամիության անդամ երկրները ստորագրել են այս տարվա մարտին: Այն ուղղված է եվրոգոտու պահպանմանն ու նոր ֆինանսական ճգնաժամերի կանխարգելմանը:









