Հիվանդը ոչ թե փախել է, այլ հեռացել ու այս մասին տվել ստորագրություն. բժիշկ
Հունիսի 18-ին Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտից շտապօգնության մեքենայով Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված 1949 թ. ծնված Ալիսա Դավթյանը ոչ թե փախել է հիվանդանոցից, այլ հեռացել սեփական կամքով, ինչի մասի առկա է հիվանդի ստորագրությունը:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց նույն բուժհաստատության Վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Իրինա Մալխասյանը, ընթերցելով Ալիսա Դավթյանի՝ «Շտապօգնության» ծառայության բժշկին թողած գրությունը. «Ես՝ Ալիսա Դավթյանս, հրաժարվում եմ հետագա բուժումից (նշված հիվանդանոցում -Tert.am) և հետագա բարդությունների մասին զգուշացված եմ»:
Բժշկուհին հիվանդանոցի բուժանձնակազմի անունից հայտարարեց, որ բոլորը վրդովված են մամուլում տեղ գտած այն հրապարակման կապակցությամբ, թե պետպատվերով բուժվող Ալիսա Դավթյանը, տեսնելով, որ իրենով ոչ ոք չի զբաղվում, երկու օր անց թողել-փախել է:
Վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը պատմեց, որ հունիսի 18-ին շտապօգնության մեքենայով սրտաբանական ինստիտուտից իրենց մոտ տեղափոխված Ալիսա Դավթյանը մեկ ժամվա ընթացքում փոխադրվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ և «երկու օր անընդմեջ ստացել է պետպատվերով լիարժեք և անվարձահատույց բուժում»:
Ի ապացույց ասվածի, որ պետպատվերով հիվանդը «բազմակի հետազոտվել» է, Իրինա Մալխասյանը ցույց տվեց նրա արյան բիոքիմիական անալիզների, ինչպես նաև հիվանդի սրտի աշխատանքի և ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտության մասին վկայող բժշկական փաստաթղթերը:
Բժշկուհին տեղեկացրեց, որ Ալիսա Դավթյանը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել՝ թուլություն, մաշկի ծածկույթների ցան ախտանիշներով, շոկային վիճակում, ցածր զարկերակային ճնշմամբ, ինչն իրենց կողմից գնահատվել է որպես ալերգիկ ռեակցիա:
Սակայն 62-ամյա տիկնոջ խրոնիկ հիվանդությունը ռևմատոիդ արտրիտն է ՝ սրտաբանական լուրջ պրոբլեմներով:
Հիվանդի վիճակը բավարար լինելուց հետո, ըստ բժշկուհու, «Ալերգոլոգների կոնսուլտացիան, ինչն արձանագրված է, ժխտեց ալերգիայի առկայությունը զննման պահին, և հարցն այն էր, որ ալերգոլոգների կարիքը չկար»:
«Մենք հրավիրեցինք մեր ռևմատոլոգներին, թերապևտներին և հիվանդին առաջարկեցինք տեղափոխվել թերապևտիկ բաժին»,- ասաց Իրինա Մալխասյանը և հավելեց, որ սրանից Ալիսա Դավթյանը կտրականապես հրաժարվել է և հայտարարել, որ շարունակելու է բուժումը սեփական բժշկի հսկողության տակ:









