Սիրիական Հոմս քաղաքից խաղաղ բնակիչների դուրսբերումը տապալվել է

08:45 • 22.06.12

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) աշխատակիցներին չի հաջողվել իրականացնել սիրիական Հոմս քաղաքից խաղաղ բնակիչներին տարհանելու առաքելությունը` չդադարող մարտական գործողությունների պատճառով, հայտնում է Reuters-ը:


Կարմիր խաչի ներկայացուցչի խոսքով` հինգշաբթի առավոտյան կազմակերպությանը հաջողվել է համաձայնության գալ կառավարական ուժերի ու ապստամբների հետ կրակի ժամանակավոր դադարեցման մասին` Հոմսի կենտրոնական հատվածից քաղաքացիական բնակչությանը տարհանելու նպատակով:

 

Չնայած դրան, կենտրոնական թաղամաս այցելած` առաքելության աշխատակիցները կրակահերթերի տակ են հայտնվել, ինչի պատճառով ստիպված են եղել դադարեցնել մարդասիրական գործունեությունը:


Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` հունիսի 21-ը ռեկորդային է եղել իր զոհերի թվով` 2012-ի ապրիլի 12-ին հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր: Իրավապաշտպանների համաձայն` մեկ օրվա ընթացքում սպանվել է նվազագույնը կառավարական ուժերի 54 զինվոր, 10 ապստամբ ու 104 խաղաղ բնակիչ: