ԱՄՆ դեսպանատունը հրաձգարանի շինություն նվիրեց ՀՀ իրավապահ համակարգին (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պաշտոնապես բացեցին ԱՄՆ կառավարության կողմից որպես ՀՀ իրավապահ համակարգին նվիրատվություն կառուցված հրաձգարանը:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրաձգարանի շինարարական աշխատանքները կազմել են մոտ 760 հազ. ԱՄՆ դոլար: Շինարարությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից:
Հրաձգարանի երկարությունը 50 մետր է, ունի շարժական թիրախների համակարգ, ինչպես և վարչական գրասենյակներ և ծառայողական տարածք:
Հրաձգարանի շինությունը կարող է օգտագործվել Հայաստանի իրավապահ համակարգի բոլոր գերատեսչությունների աշխատակիցների վերապատրաստման համար:
Այս նվիրաբերությունը կատարվել է ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող առավել ընդգրկուն օժանդակության ծրագրի շրջանակում, որի նպատակն է օժանդակել Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների մեծացմանը հանցավորության դեմ պայքարում ու արդարադատության ասպարեզում` միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան:
ԱՄՆ կառավարության աջակցությունն` ուղղված Հայաստանի իրավապահ ու քրեադատավարական ոլորտին տարեկան կազմում է մոտ երեք միլիոն ԱՄՆ դոլար:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









