Քրեական օրենսգիրքը ենթարկվելու է արմատական փոփոխությունների
Դատաիրավական բարեփոխումների մասին 2012-2016թթ. ծրագրի հաստատմամբ Հայաստանի դատաիրավական ոլորտում փոփոխությունների մի ամբողջ շարք է սկսվելու: Այդ փոփոխություններին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ ՀՀ Արդատարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Հրայր Թովմասյանը նշեց, որ ծրագիրը իր մշակման ձևով տարբերվում է նախորդ տարիների նման ծրագրեց, քանի որ այդ գործընթացին մասնակցել են ոլորտի մի շարք կառույցներ:
«Այն ունի մի շարք առանձնահատկություններ: Սա միայն չի սահմանափակվում դատարանների բարեփոխումներով: Այս ծրագրով մենք ունենալու ենք որակական փոփոխություններ»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ պետությունը կզարգանա այն ժամանակ, երբ արդարադատությունն իրականում արդար է և կանխատեսելի ու հաշվետու է հասարակության առջև: Նա նշեց, որ ծրագիրը ներառում է նաև դատարանակազմության խնդիրներ:
«Բազմիցս է քննարկվել, թե ինչ ընթացակարգերով են մարդիկ դառնում դատավորներ, դատախազներ: Շատ է քննադատվել, թե գործերի բաշխումը ինչպես է կատարվում դատավորների միջև: Այո, չեմ կարող ժխտել, որ կամայականություններ պատահել են՝ «լավ» գործերը այս դատավորն է քննում, «վատերը»՝ այն մեկը»,- ասաց նա և ավելացրեց, որ մեր դատական համակարգը դատավորներին վերապատրաստելու խնդիր ունի, ինչը առաջիկայում, հույս ունի, որ կլուծվի:
Թովմասյանը նաև նշեց, որ ծրագրի նպատակը պետական համակարգի արդյունավետության բարձրացումն է: Այս ծրագիրը համեմատելով նախորդ նմանատիպ ծրագրերի հետ՝ նա փաստեց, որ կատարելագործումը սահման չունի, և այս մեկի «շարժիչն» ավելի հզոր է լինելու:
«Արմատական փոփոխության է ենթարկվելու դատարանների ինքնակառավարման համակարգը: Ներքին անկախությունը, որը ոչ պակաս կարևոր է արտաքինից: Այս ծրագիրը տալու է նաև դրա հնարավորությունը: Արմատապես փոխվելու է քրեական օրենսգիրքը»,- ասաց նա և ավելացրեց, որ ներմուծվելու են նոր պատժամիջոցներ: Նախարարը հորդորեց չզարմանալ դրսում պարտադրված աշխատանք կատարող մարդկանց տեսնելու դեպքում:
Հիշեցնենք, որ երեկ նախագահական նստավայրում խորհրդակցություն էր հրավիրվել, որին ներկա էին ՀՀ արդարատադության նախարար Հրայր Թովմասյանը, զինդատախազ Գևորգ Կոստանյանը և Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Խորհրդակցության քննարկման առարկաներից մեկն էլ հենց Դատաիրավական բարեփոխումների մասին ծրագիրն էր:









