35-ամյա տղամարդը փորձել է վերջ տալ կյանքին՝ սեփական ավտոմեքենայով ձորն ընկնելու միջոցով (լուսանկարներ)

18:47 • 22.06.12

Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 21-ին, տեղի ունեցած մի արտառոց դեպքի փաստով: Ինչպես Կոտայքի մարզից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 14.00-ի սահմաններում Ոստիկանության Նաիրիի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արզնիի ձորից դեպի Նոր Գեղի տանող ճանապարհի ձորում ավտոմեքենա կա, որի մեջ էլ երիտասարդ տղա՝ վիրավոր վիճակում:



Նշված վայր են մեկնել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:



Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 35-ամյա Արմեն Հակոբյանին:



Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ընտանեկան անախորժությունների հետ կապված՝ ցանկացել է կյանքին վերջ տալ: Նա, նստելով իր անձնական օգտագործման «Օպել» մակնիշի 31 ՕՕ 075 համարանիշի ավտոմեքենան, ցանկացել է դրանով հանդերձ ձորն ընկնել:



Բյուրեղավանում ֆոտոլրագրողին պատմել են, որ նա ամուսնացած է և ունի 10 ամսական աղջիկ երեխա, և նրանց ամուսնալուծության հարցը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում:

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի