Քենիայում իրանցիներ են ձերբակալվել` պայթուցիկ նյութեր տեղափոխելու մեղադրանքով
Քենյայի ոստիկանությունը հայտարարել է երկու իրանցիների ձերբակալության մասին: Նրանց մոտ հայտնաբերվել են քիմիական նյութեր, որոնք օգտագործվել են Մոմբասա քաղաքում իրականացված ահաբեկչությունների ընթացքում:
Քենիայում վերջին ժամանակներում ահաբեկչությունները հաճախակիացել են` պայմանավորված նախորդ տարվա հոկտեմբերին երկրի իշխանությունների որոշմամբ, որով զինվորականներ ուղարկվեցին Սոմալիի հարավ` պայքարելու «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցող «Ալ Շաբաաբ» իսլամիստական շարժման գրոհայինների դեմ:
Ոստիկանությունը իրանցիներին ձերբակալել է չորեքշաբթի օրը, մայրաքաղաք Նաիրոբիում: Նույն օրը բռնագրավվել էր մի նավ, որը կասկածվում էր Իրաքից պայթուցիկ տեղափոխելու մեջ:
Հինգշաբթի օրը ոստիկանությունը ձերբակալել էր մի կասկածյալի ում մոտից 15 կգ փոշի էր հայտնաբերվել և այժմ դա փորձաքննության է ենթարկվում:
«Այդ ամենը մեզ այնպիսի ինֆորմացիա է տալիս, որը կարող է մեզ օգնել` երկրում ահաբեկչությունը կանխելու համար»,-ասել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել` արդյոք ձերբակալված կասկածյալները կապ ունեն ահաբեկչական որևէ խմբավորման հետ, ներառյալ «Ալ Շաբաաբ»-ը, «Ալ Կաիդան» կամ մեկ այլ ուժ:
Ամենավերջին խոշոր ահաբեկչությունը Քենիայում գրանցվել էր մայիսի 30-ին` մայրաքաղաք Նաիրոբիի կենտրոնում, որի հետևանքով 30 մարդ էր վիրավորվել: Ավելի ուշ նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել էր:









