Լիբանանահայ քանդակագործ Զավեն Խտըշյանը պարգևատրվեց «Արշիլ Գորկի» մեդալով
ՀՀ սփյուռքի նախարարության «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում երեկ երեկոյան կայացել է լիբանանահայ տաղանդաշատ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսի բացումը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:
Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը, անվանի քանդակագործներ, ճարտարապետներ, պաշտոնատար անձինք:
Ներկաներին ողջունել և ցուցահանդեսի բացումն ազդարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Զավեն Խտըշյան անունը շատ հայտնի է Մերձավոր Արևելքում, Ֆրանսիայում, հայ համայնքներում, սակայն նա առաջին անգամ է Հայաստանում և հանդես է գալիս ցուցադրությամբ»,-նշել է Հրանուշ Հակոբյանը:
Նախարար Հակոբյանը Զավեն Խտըշյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով` կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գծագրության արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու, Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան¬Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար:
Տեղեկացնենք, որ Զավեն Խտըշյանը ծնվել է 1932թ. Բեյրութում: Մասնագիտական կրթությունը ստացել է Բեյրութի Գեղարվեստների ակադեմիայում և Փարիզի Ազգային բարձրագույն արվեստների դպրոցում:
Նրա հեղինակած գործերից են Հայոց ցեղասպանության առաջին հուշակոթողը` Լիբանանում, Գարեգին Նժդեհի և Լիբանանի մեծագույն մտավորական Ժըպրան Խալիլ Ժըպրանի կիսանդրիները, Լիսաբոնի 5 նահատակների հուշարձանը Բեյրութում:
Զավեն Խտըշյանը ճարտարագիտության դասավանդման նոր ծրագրի հեղինակն է:
1976թ. Ֆրանսիայի հանրահայտ «Larousse» հրատարակչությունը լույս է ընծայել «L’art et le monde moderne»` «Արվեստը և արդի աշխարհը» հանրագիտարանը, ուր աշխարհի մեծագույն արվեստագետների կողքին հիշատակված է Զավեն Խտըշյանի անունը:
2012թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական կոնդակով Զավեն Խտըշյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:










