Մարկ Սաղաթելյանին և Գրիգոր Նազարյանին նյարդավիրաբուժության տեսանկյունից որևէ վտանգ չի սպառնում

20:49 • 22.06.12

Երեկ գիշեր ավտովթարի ենթարկված «Թաթա Փրոդաքշն» ընկերության նախագահ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ և պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի ու հաղորդավար Մարկ Սաղաթելյանի վիճակն ավելի մոտ է միջին ծանրության, քան ծայրահեղ ծանր վիճակի:

 

Այսօր համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեցին Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տարբեր՝ նյարդավիրաբուժության, տրավմատալոգիայի և օրթոպեդիայի, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման կլինիկաների բաժինների ղեկավարները:

 

Բուժհիմնարկի Նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը հայտարարեց, որ թեև երկուսի վնասվածնքերն էլ շատ լուրջ են և զուգորդված նաև ողնաշարի ու պարանոցի ելունների կոտրվածքներով, սակայն «ամենակարևորը՝ նյարդավիրաբուժական իմաստով, ողնաշարի ֆունկցիոնալ խանգարում չկա, այսինքն՝ չի վնասվել ողնուղեղը: Խոսքը՝ ոսկրային կոտրվածքի մասին է»,- ասաց Ռուբեն Ֆանարջյանը:

 


Գրեթե նույնպիսի վնասվածքներ է ստացել Գրիգոր Նազարյանը, ով ունի նաև թոքերի ծանր սալջարդ:


Չնայած սրան, տրավմատալոգիայի և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Արսեն Ազիզբեկյանը համոզմունք հայտնեց, որ երեք-չորս շաբաթ անց երկու հիվանդների առողջության վերաբերյալ լավ արդյունքներ կունենան: