Ավտովթարի ենթարկված Մարկ Սաղաթելյանի և Գրիգոր Նազարյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր (լուսանկարներ, տեսանյութ)

12:30 • 22.06.12

Երեկ գիշերը ավտովթարի ենթարկված «Թաթա պրոդաքշն» ընկերության նախագահ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ
և պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը և հայտնի հաղորդավար Մարկ Սաղաթելյանը գտնվում են Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի Հերացի հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում՝ այս պահի դրությամբ՝ կայուն ծանր վիճակում:



Ինչպես Tert.am –ին հայտնեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի Հերացի հիվանդանոցային համալիրի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք լուրջ վնասվածքներ են ստացել:


Մասնավորապես, Մարկ Սաղաթելյանի մոտ առկա է գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդեր, պարանոցային և կոնքային միջանցիկ ելունների կոտրվածքներ, աջ ազդրի գլխիկի հոդախախտ և կոտրվածք:


Գրեթե նույնպիսի կոտրվածքներ և վնասվածքներ ունի նաև Գրիգոր Նազարյանը, այն տարբերությամվ, որ վերջինիս մոտ երկու ազդրերի գլխիկի հոդախախտ- կոտրվածքներ են: Այս կապակցությամբ տեղադրվել են արտաքին ֆիկցիայի սարքեր:


Մեր զրույցի պահին Գրիգոր Նազարյանը տեղափոխվել էր այլ բաժանմունք՝ կրկնակի հետազոտության ենթարկվելու:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից Tert.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վթարը տեղի էր ունեցել այս գիշեր ժամը 01.30-ի սահմաններում Նալբանդյան փողոցում` մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց: Իրար էին բախվել «Ֆոլկսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 և «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները: Վթարից հետո «Ֆոլկսվագեն»-ը բախվել է նաև էլեկտրասյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Ֆոլկսվագեն»-ի միջից 2 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:



Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ «Ֆոլկսվագեն»-ը վարել էր Գրիգոր Նազարյանը:


Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, ուր տեղափոխվել էին վիրավորները, Գագիկ Շամշյանին հայտնել էին, որ վերոնշյալ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության. նրանք ստացել են գլխի և մարմնի տարներ կոտրվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:



Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի