Ռուսաստանում գաստարբայտերները գումար կփոխանցեն կենսաթոշակային հիմնադրամ

17:06 • 22.06.12

Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարությունը կառավարությանն է ներկայացրել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը, որի համաձայն` Կենսաթոշակային հիմնադրամ միջոցներ կուղղեն աշխատանքային միգրանտներն ու «ազատ» մասնագիտությունենրի ներկայացուցիչները:

 

Ինչպես հաղորդում է vz.ru-ն, չինովնիկներն այս քայլով ձերբազատվել են կենսաթոշակային տարիքի բարձրացման գաղափարից:


Նախարարության ծրագրով` մինչև 2020թ. քաղաքացիները կստանան իրենց միջին աշխատավարձի մոտ 40%-ի չափով կենսաթոշակ, սակայն այդ կենսաթոշակը «բավարար կլինի թոշակառուի կենսական կարիքների համար»:

Թոշակառուները կարող են ստանալ և ավելի (մինչև 70%) թոշակ միայն այն դեպքում, եթե մինչև թոշակի անցնելը մասնակցել են նախարարության առաջարկած կենսաթոշակային համակարգի բոլոր 3 բաղադրիչներին` պետական, երբ գործատուն նրանց փոխարեն Կենսաթոշակային հիմնադրամին վճարել է կենսաթոշակային վճարներ, կորպորատիվ, երբ իրականացվել են լրացուցիչ վճարներ, որոնցից ձևավորվել է կորպորատիվ կենսաթոշակը, և մասնավոր, երբ աշխատողն ինքնակամ կերպով կուտակում է գումարը ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամում, բանկում կամ ապահովագրական ընկերությունում:


Բարեփոխումների հիմնական նպատակը Կենսաթոշակային հիմնադրամի դեֆիցիտի կրճատումն է, որը սպառնում է պետբյուջեի կայունությանը: Իսկ դրա համար գերատեսչությունն առաջարկում է 2014թ.-ից խստացնել գործող կենսաթոշակային համակարգի չափանիշերը և ներգրավել նոր հարկատուների` աշխատանքային միգրանտների, «ազատ» մասնագիտությունների ներկայացուցիչների, բոլոր ինքնազբաղներին` մասնավոր տաքսիստներ, դայակներ և այլք, որոնք բոլորը կսկսեն վճարել ապահովագրավճարներ:

 

Ապահովագրավճարները 2014թ. -ից կկազմեն ոչ թե 26%, ինչպես ներկայում է առաջարկվում, այլ 20%, սակայն սա կտարածվի միայն տարեկան մինչև 1 մլն ռուբլի աշխատավարձ ստացողների վրա: