Բժիշկները Մուբարաքի մոտ կաթվածի նշաններ չեն հայտնաբերել. «Ալ Ահրամ»

09:05 • 22.06.12

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին զննելուց հետո, բժիշկները եկել են այն եզրակացության, որ նախկին առաջնորդի մոտ կաթվածի նշաններ չկան: Այս մասին հայտնում է «Ալ Ահրամ» եգիպտական թերթի կայքը` վկայակոչելով բժիշկների:


«Հետազոտություններից հետո, Մուբարաքի մոտ կաթվածի և գլխուղեղի ու սրտի զարկերակների խցանում չի հայտնաբերվել: Նրա վիճակը կայունացել է, վերակենդանացման բաժանմունքից նրան տեղափոխել են ընդհանուր թերապիայի բաժանմունք»,- ասել է աղբյուրը:

Նա, միևնույն ժամանակ, սրտային հիվանդության ու տարիքի հետ կապված` ուժեղ սթրեսների ժամանակ կարող է կորցնել գիտակցությունը և ունենալ շնչառական լուրջ խնդիրներ:


Օրերս հաղորդվեց, որ Հոսնի Մուբարաքը կլինիկական մահ է տարել: Սակայն նրա փաստաբանը հերքեց լուրը:


Եգիպտոսի քրեական դատարանը հունիսի 2-ին նախկին նախագահին դատապարտել էր ցմահ ազատազրկման` նախորդ տարեսկզբին բողոքի ցույցերի ժամանակ ընդդիմադիրների վրա կրակ բացելու հրաման տալու համար, ինչից հետո Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացել է: