ՆԱՏՕ+Հայաստան հանդիպում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում
Հունիսի 21-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը` ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011թ. զեկույցի քննարկման նպատակով:
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ փոխարտգործնախարար արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը նախագահել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ գործողությունների Հայաստանի կողմից հաջող կատարմանը, մայիսի 6-ին տեղի ունեցած Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին և միջազգային դիտորդական առաքելությունների կողմից այդ ընտրություններին տրված դրական գնահատականներին, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Աշոտ Հովակիմյանը հատկապես խոսել է Ադրբեջանի կողմից հունիսին՝ Հայաստանի սահմանների վրա, ինչպես նաև, շփման գծի ողջ երկայնքով իրականացրած սադրանքների ու զինադադարի խախտումների մասին, ինչպես նաև ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ փաստաթղթով սահմանված Հայաստանի պաշտպանական և անվտանգության համակարգերում կատարվող բարեփոխումները:
Անդրադարձ է եղել ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին, մասնավորապես՝ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի առաքելությանը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությանը և առաջիկայում Կոսովո հայ խաղաղապահների վերատեղակայմանը, ՀՀ ԶՈՒ ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ռազմական համագործակցության ծրագրերին ու միջոցառումներին:
Այնուհետև ՀՀ պատվիրակության ղեկավարները պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների հարցերին:
Դաշինքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում կարևորել են Հայաստանը որպես ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր, երախտագիտություն հայտնել ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության համար, դրական գնահատական տվեցին պաշտպանական, ինչպես նաև քաղաքական բարեփոխումներին, մայիսի 6-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրություններին:
Որպես քաղաքական երկխոսության առաջընթաց գնահատվել է մարտի 6-ին ՀՀ Նախագահի՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատվիրակները վերահաստատել են իրենց պետությունների հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երեք հիմնական ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Հունիսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ա.Վերշբոուի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին:









