ԱՄՆ-ում ավարտին են մոտենում Նավասարդյան խաղերը (լուսանկարներ)
Կալիֆորնիայում ընթացքի մեջ են ՀՄԸՄ (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն) 37-րդ Նավասարդյան խաղերը: Առաջիկայում սպասվում են մի շարք մարզական և այլ միջոցառումներ, որոնցով էլ և կեզրափակվի մարզական իրադարձությունը:
Դրանցից մեկը՝ Նավասարդյան խաղերի շրջանակներում անցկացվող Հաղթանակի ճաշկերույթն է, որը տեղի կունենա հուլիսի 1-ին Հոլիվուդի Hilton Hotel-ում: Միջոցառմխագահնան ընթացքում խաղերի ներկայիս պատվավոր նախագահներ տեր և տիկին Գևորգյաններին պաշտոնապես կհանձնվի եռագույն ժապավենը: Կպարգևատրվի նաև 2012-ի ՀՄԸՄ-ի օրինակելի անդամը: Այս միջոցառման մասնակցության տոմսերն արժեն 150 ԱՄՆ դոլար:
Մարզական իրադարձութունների նոր շարքը կսկսվի մշակութային ծրագրով և հրավառությամբ հուլիսի 3-ին Բիրմինգեմի միջնակարգ դպրոցում:
Հուլիսի 5-ին կլինի ավտո և մոտո ցուցադրություն:
Խաղերը կավարտվեն հուլիսի 7-ին: Այդ օրը կլինի սկաուտների դրոշի բարձրացման արարողություն և երթ: Կազմակերպիչները հայտնում են՝ միջոցառման շրջանակներում ելույթներ կունենան հայտնի հայ երգչները: Մուտքի տոմսերն արժեն 10 դոլար:
ՀՄԸՄ Նավասարդյան խաղերը սկսվել են 1975-ին Արևելյան Լոս անջելեսում, այժմ ներառում են 300 թիմ, 6000 մարզիկ, 2000 սկաուտ և գրավում են ավելի քան 35000 հանդիսատեսի՝ 8 շաբաթ տևող խաղերի ընթացքում:
Խաղերի ընթացքում ավանդաբար անց են կացվում մրցումներ այնպիսի մարզաձևերից, ինչպիսիք են ֆուտբոլը, վոլեյբոլը, թենիսը, սեղանի թենիսը, բասկետբոլը, շախմատը (սփյուռքի համայնքներում ամենատարածված մարզաձևերը): Այս տարի նաև լող է ներառվել:
ՀՄԸՄ-ի Նավասարդյան խաղերը սկսվել են մայիսի 12-ին Կալիֆորնիայի Վան Նիզ քաղաքի Բիրմինգեմի դպրոցի մարզադաշտում՝ հանդիսավոր արարողությամբ և Սրբոց Նահատակաց եկեղեցու խաչքարի մոտ «Նավասարդյան ջահի» օրհնությամբ:
Նավասարդյան խաղերը Հին Հայաստանում տարեմուտի՝ Նավասարդի տոնակատարության ժամանակ կազմակերպվող մարզական մրցումներ էին:
Սփյուռքահայ բարեգործական և հայրենակցական կազմակերպություններն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ անցկացնում են նոր Նավասարդյան խաղեր, որոնց նպատակն է ազգայինի զարթոնքն ու ավանդույթների պահպանումը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը և ազգային միասնության գաղափարախոսության արմատավորումը:









