Շարունակվում է ԱԺ արտահերթ նստաշրջանը. ընդունվել են մի շարք օրենքներ

12:56 • 22.06.12

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը շարունակվում է, և այս պահին քննարկվում է Սևանա լճից 150 մլն խմ ջուր բաց թողնելու հարցը:


Խորհրդարանի այսօրվա նիստում քվեարկության դրվեցին և ընդունվեցին մի շարք օրենքներ: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Լիցենզավորման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու նախագծերը՝ ձայների 101 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:


Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին նաև «Արտոնագրային վճարների մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:


ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված են նաև «Սևանա լճի մասին» օրենքում լրացում կատարելու հարցը և երեք միջազգային պայմանագիր, որը քննարկվում է այս պահին:


Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դիմել է Ազգային ժողովին Սևանա լճից հավելյալ 150 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու թույլտվության համար:


ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ նման խնդիր առաջացել էր նաև 2008թ-ին:


«Այս տարին սակավաջուր տարի էր Սևան-հրազդանյան համակարգի երկու խոշորագույն ջրամբարները՝ Ազատի և Ապարանի ջրամբարները, ջրային դեֆիցիտ ունեն»,- ասաց Անդրեասյանը` նշելով, որ այդ դեֆիցիտի ծածկման միակ աղբյուրը Սևանա լիճն է:


«Մեր կանխատեսումներով շուրջ 40 հազար հա հողատարածքի ոռոգման պահանջարկը բավարարելու համար մենք հավելյալ 150 մլն խորանարդ մետր ջրի կարիք ենք ունենալու»,- նշեց նա:


Առաջարկվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով լճից ոռոգման նպատակով թույլատրելի ջրառի քանակը սահմանել 320 միլիոն խորանարդ մետր: