Սաքունցը դժգոհ է ԱԺ ընտրությունների արդյունքներից և առաջարկում է անցկացնել նոր ընտրություններ

15:02 • 22.06.12

2012թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չեն անցել ազատ և արդար. այսպիսի դիրքորոշում ունի Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների մասին դիտորդական առաքելության զեկույցը:

 

«Արդյունքների վրա բացասական ազդեցություն են ունեցել մի շարք ընտրակեղծիքներ: Այս ընտրություններում ավելի են խորացել ընտրողների անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»,-ասաց նա և ավելացրեց, որ ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը լռության մատնվեցի և չհարուցվեցին քրեական գործեր:

 

Բանախոսն ընդգծեց, որ իրենք դիտորդական առաքելություն են անցկացրել ոչ միայն ընտրատեղամասերում, այլև դրանցից դուրս և արձանագրված խախտումների մասին տեղեկացրել են համապատասխան մարմիններին:

 


«Մինչ ընտրությունները ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի կանխի բոլոր տեսակի խախտումները: Ստեղծվեց հատուկ շտաբ, բայց ընտրություններից հետո այն չներկայացրեց որևէ զեկույց և հասկանալի չեղավ, թե նրանք, ընդհանրապես, ինչո՞վ էին զբաղված եղել: Ընտրական կաշառքների զանգվածային ահազանգերի պայմաններում մեր ոստիկանության պահվածքը մենք գնահատում ենք՝ ակնհայտ անգործություն կամ էլ նրանց համար ընտրակաշառքը դեռևս քրեորեն պատժելի արարք չէ»,-ասաց նա:

 


Սաքունցն ուշադրություն հրավիրեց նաև նախընտրական շրջանում կուսակցությունների կողմից իրականացվող բարեգործությունների վրա, որը ևս իրավապաշտպանը համարեց ընտրակաշառքի մի ձև:

 


Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը նշեց, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացրել հանրապետության 64 ընտրատեղամասերում, որոնցից 28-ում եղել են ընտրողների անունների հետ կապված անճշտություններ և մարդիկ չեն կարողացել իրականացնել իրենց ընտրական իրավունքը:

 


«Մենք այդպես էլ չկարողացանք վերահսկել ՀՀ-ից բացակայողների ցուցակները և հասկանալ, արդյո՞ք, նրանց փոխարեն ընտրում էին: Շատ- շատ էին դատարկ ծրարները, ինչը նշանակում է, որ այս ընտրությունների ընթացքում լայնորեն կիրառվել է «կարուսել» կոչվածը»,-նկատեց նա և ավելացրեց, որ իրենք արձանագրել են ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործում՝ մի շարք կուսակցությունների կողմից:

 


Բանախոսն առաջարկում է կազմակերպել նոր ընտրություններ, որտեղ բացառված կլինեն ՀՀ-ից դուրս բնակվողների անունները ընտրացուցակներում, հայտնի կլինեն զինվորական ծառայության մեջ գտնվողների անունները և նրանց քանակը: