Այս տարի Սևանա լճի մակարդակը դրական աճ է գրանցելու. ՀՀ բնապահպանության նախարար
Թեև Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը համաձայնություն է տվել Սևանա լճից 320 մլն խմ ջուր բաց թողնելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին, սակայն ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում վստահեցրեց, որ այս տարի ևս կարձանագրվի ջրի բարձրացման դինամիկայի դրական ցուցանիշ:
«2008-ին ևս տարին չորային էր և ԱԺ-ն որոշում ընդունեց բաց թողնել 320 մլն խմ ջուր, մենք կրկին տարին փակել ենք դրական բալանսով: 2009, 2010 և 2011թթ.-ին ևս ունեցել ենք ջրի դինամիկա՝ 36, 24, 47 սմ-ով: Ըստ ծրագրի, մոտ 28 տարվա ընթացքում Սևանա լճի ջրի մակարդակը պետք է հասցնենք 1903,5 մլն խմ-ի: Այսօր, ուրախությամբ պետք է նշենք, որ արդեն հատում ենք 1900 մլն խմ-ի շեմը»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ եթե որոշում է ընդունվել 320 մլն խմ ջուր բաց թողնել Սևանից, դա չի նշանակում, որ այդ ամբողջ ջուրը վերցնելու են:
«Վերցնելու են ըստ պահանջարկի: Սեպտեմբեր ամսին կիմանանք, թե ինչքան պահանջարկ է եղել: Մենք այս տարի ևս նախորդ տարիների նման ունեցել ենք Սևանա լճի ջրի դինամիկա՝ շուրջ 6 սմ»,-ասաց նա և վստահեցրեց, որ ամեն տարի նախորդի հետ համեմատած դրական աճ է լինելու և, որ ջրի բացթողումը Սևանա լճի էկոհամակարգի վրա ազդեցություն չի կարող ունենալ:









