Տալիբների կողմից պատանդ վերցված 18 մարդ ազատ է արձակվել

09:43 • 22.06.12

Աֆղանստանի ոստիկանությանը հաջողվել է ազատ արձակել այս գիշեր Քաբուլի լավագույն հյուրանոցներից մեկում «Տալիբան» շարժման կողմից պատանդ վերցված 18 մարդու: Այս մասին հայտնել են իրավապահները` հավելելով, որ գրոհի ժամանակ սպանվել է 2 գրոհային: Դեռ չի հաղորդվում, թե քանի գրոհային է շարունակում մնալ հյուրանոցում և քանի մարդ է պատանդ պահվում, սակայն հաղորդվում է մի քանի այցելուների մահվան մասին: Նշվում է նաև, որ պատանդ վերցված մարդկանց շրջանում կան կանայք ու երեխաներ:

 

Գիշերը մահապարտների գոտիներ ամրացրած երեք ահաբեկիչ ներխուժել էին հյուրանոցային համալիր: Նրանցից մեկը գործի է դրել իրեն ամրացված պայթուցիկը: Այնուհետ նրանք փոխհրաձգության մեջ էին մտել անվտանգության աշխատակիցների հետ, որոնց օգնության էին հասել ոստիկանության ստորաբաժանումները:

 

Տալիբները պաշտոնապես իրենց վրա են վերցրել կատարվածի պատասխանատվությունը` հայտարարելով, որ դա արվել է «հարուստ օտարերկրացիների ու Աֆղանստանի բնակիչների պատճառով», որոնք վայրի խնջույքներ են կազմակերպում մուսուլմանների համար սուրբ համարվող ուրբաթ օրով, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: