Հրայր Թովմասյանն ասում է, որ դատավորի աշխատանքն իրեն հոգեհարազատ չէ

18:47 • 22.06.12

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի դառնա Վճռաբեկ դատարանի նախագահ, քանի որ դատավորի աշխատանքն իրեն հոգեհարազատ չէ, այս մասին Հրայր Թովմասյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով այս մասին մամուլում շրջանառվող լուրերին:

«Պետք է կարդաք օրենքը և կհասկանաք, թե ովքեր կարող են դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր և կտեսնեք, որ Հրայր Թովմասյանը չի համապատասխանում օրենքի պահանջին»,– ասաց նա:

«Իհարկե, կարող եք ասել, որ կարելի է օրենսդրությունը փոխել դրա համար ...  Շարունակում եմ կրկնել՝ մի հավատացեք այդ բամբասանքներին: Ստիպված եմ դրանք բամբասանք որակել, քանի որ ինձ սկզբում դեսպան նշանակեցին, հետո աշխատանքից հանեցին»,- ասաց նա։

Նախարարը հիշեցրեց, որ երեկ ԱԺ-ի կողմից հաստատվել է կառավարության հնգամյա ծրագիրը և ինքը այս պահին աշխատում է որպես Արդարադատության նախարար: