Տարոն Մարգարյանը Ֆրանսիայում է` Երևան-Մարսել համագործակցության 20-րդ տարեդարձի առիթով

13:13 • 22.06.12

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 20 ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաք:


Ըստ Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղոդրագրության` այցի առաջին օրը` հունիսի 21–ին, Տարոն Մարգարյանը հանդիպել է իր գործընկերոջ` Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ:


Ողջունելով Երևանի քաղաքապետին և նրան ուղեցկող պատվիրակության անդամներին` Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամության ակուքները շատ ավելի խորը արմատներ ունեն, քան անցած 20 տարիները:


Երևանի և Մարսելի համագործակցությունը դիտարկելով հայ-ֆրանսիական ներկայիս ամուր և ջերմ հարաբերությունների համապատկերում, Մարսելի քաղաքապետն ընդգծել է, որ երկու քաղաքների համագործակցությունը այդ տեսանկյունից ևս պետք է լինի համարժեք և համակողմանիորեն ընդգրկուն:


«Վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր քաղաքների միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը և կշարունակենք քայլեր ձեռնարկել, որպեսզի այն էլ ավելի ամրապնդվի և նորանոր հաջողություններ արձանագրի»- նշել է Ժան-Կլոդ Գոդենը:


Շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի և ջերմ ընդունելության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Մարսելի քաղաքապետի կողմից Հայաստանին և հայությանն առնչվող հարցերի նկատմամբ մշտապես ցուցաբերվող գործնական հետաքրքրությունը:


«Մարսելի և Երևանի 20-ամյա համագործակցությունը ևս մեկ վկայությունն է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և, եթե հաշվի առնենք նաև Ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայերի համար Մարսելի երկրորդ հայրենիք դառնալու հանգամանքը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Մարսելն իրապես մեծ դերակատարում ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնաման ու ամրապնդման գործում»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը:


Անդրադառնալով Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու քաղաքների միջև գործակցության առկա ներուժին և զարգացման հեռանկարներին համահունչ՝ ցանկալի է վերանայել համագործակցության համաձայնագիրը»:


«Այդպիսով մենք կհստակեցնենք փոխգործակցության առաջնահերթություններն ու վստահաբար կապահովենք երկուստեք փոխշահավետ արդյունքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` առաջարկելով ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն համագործակցության բոլոր առաջարկները:


Երևանի քաղաքապետը Ժան-Կլոդ Գոդենին առաջարկել է նաև Մարսելի քաղաքապետարանի աջակցությամբ ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Երևանի ներդրումային դաշտը և առաջարկել նրանց փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնել Երևանում։


Նույն օրը Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել ֆրանս–հայկական առևտրաարդյունաբերական պալատի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։


Հանդիպման ընթացքում ներկայացնելով Երևանում ներդրումային հնարավորություններն ու բարենպաստ միջավայրը, Տարոն Մարգարյանը նշել է. «Երևանի քաղաքապետարանը որդեգրել է շատ կարևոր մի սկզբունք, ըստ որի, մենք բաց ու պատրաստակամ ենք քննարկելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի Երևանի զարգացմանը: Հաշվի առնելով, որ Երևանի և Մարսելի փոխգործակցությունը զարգացման ու ընդլայնման բավականաչափ ներուժ ունի, վստահ եմ, որ դուք էլ ավելի ակտիվ մասնակցություն կարող եք ունենալ Երևանի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերում»,- ընդգծել է քաղաքապետը։


Հանդիպմանը ներկա ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդու` Պատրիկ Մալաքյանի հետ զրույցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ ներկայում քննարկվում է Երևանում մեծ կինոռեժիսորի անունով փողոց անվանակոչելու հարցը: Իր և ողջ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, Պատրիկ Մալաքյանը նշել է, որ դա իսկապես մեծ պատիվ է իրենց համար և վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում աջակցել Երևանում իրականացվող ծրագրերին։