ԼՂՀ երրորդ նախագահը շնորհավորել է երկրորդ նախագահին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ

15:24 • 22.06.12

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ երկրորդ նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին` ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ:


Ուղերձում ասված է.

«Հարգարժան Արկադի Արշավիրի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ:

Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում իր զավակների նվիրվածությունը: Երկար տարիներ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում նաև երկրի ղեկավարի բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք անմնացորդ ծառայել եք հայրենիքին և հարազատ ժողովրդին, նրանց շահերի պաշտպանությանը, մեր անկախ պետականության կայացմանն ու զարգացմանը:

 

Այսօր էլ Ձեր ուրույն ավանդն եք բերում համազգային ծրագրերի իրականացման գործին:

 


Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` Ձեզ եւ Ձեր հարազատներին»,-ասված է ուղերձում: