Արցախի գրադարանների համար մեկ գիրք՝ «Ջրաշխարհ»-ի մեկ տոմսի դիմաց

18:07 • 23.06.12

Արցախի գրադարաններն անհրաժեշտ գրքերով հարստացնելու նպատակով, այսօր «Վալենսիա» ընկերությունը «Ջրաշխարհ» համալիրում ակցիա էր կազմակերպել: Ցանկացողները կարող էին անվճար մուտք գործել «Ջրաշխարհ», փոխարենը, առնվազն մեկ գիրք նվիրաբերելով Արցախին:

 

«Վալենսիա» ընկերության տնօրեն Աշխեն Մաթևոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ի ուրախություն իրենց, այցելուները բերում են ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի գիրք և ընդամենը մի քանի ժամվա ընթացքում իրենք կարողացել են հավաքել մեծ թվով գրքեր, որոնց ընդհանուր թիվը ճշտված կլինի միայն ուշ երեկոյան:


«ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելը ոչ միայն պատվաբեր է մեզ համար, այլ նաև շատ պատասխանատու: Ակցիայի նպատակն է Արցախի քաղաքների, շրջանների ու գյուղերի գրադարանները հարստացնելը»,- ասաց նա:


Աշխեն Մաթևոսյանը նշեց, որ թեև իրենք նախապես հայտարարել էին, որ ցանկալի կլինի այցելուներն իրենց հետ բերեն մանկական, պատմական գրականություն և մշակութային ոլորտին վերաբերող գրքեր, սակայն ընդունվում էին բոլոր տեսակի գրքերը:


Այսօր «Ջրաշխարհ» էին ժամանել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արվեստի և ժողովրդական ստեղծագործության բաժնի պետ Լյուդմիլա Սարգսյանը, ով նշեց, որ գիրքը հայի համար միշտ էլ անհրաժեշտություն է եղել և դարեր շարունակ հենց գիրքն է հային հայ պահել:

 

«Մենք ամեն ելք փնտրում ենք, որպեսզի կարողանանք գրադարանների աշխատանքային արդյունավետությունը բարձրացնենք: Նմանատիպ միջոցառումները շատ արդյունավետ են, քանի որ գրադարանները հարստացնելու պայմանները սուղ են: Սա պահանջվող միջոցառում է, որովհետև, իրոք, մեր գրադարանները կհարստանան գրականությամբ»,-ասաց նա և ավելացրեց, որ գրքերը կբաժանվեն ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև շրջկենտրոնների գրադարաններին։