Թբիլիսիում հայ համայնքի ասուլիսն ու պատուհանագոգին դրված ծաղկամանը…
Թբիլիսիում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հունիսի 21-ին անցկացված ասուլիսին ուշագրավ միջադեպ է գրանցվել: Ասուլիսի կազմակերպիչները միայն վերջում պարզել են, որ ասուլիսի ընթացքը տեսագրվել է սրահի պատուհանագոգին դրված արհեստական ծաղիկներով ծաղկամանում տեղադրված թաքնված տեսախցիկի ու լսող սարքի օգնությամբ: Այս մասին տեղեկությունը հրապարակել է ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի պաշտոնական կայքը:
«Հին Մետեխի» հյուրանոցում անցկացված ասուլիսը վարել է Վրաստանում հայերի պաշտպանության ասոցիացիայի նախագահ Կարինա Բարսեղյանը, ով փաստը կապում է Իվանիշվիլիի կուսակցությանն իր անդամագրման հետ:
Նրա խոսքով` սարքերը լրիվ պատահմամբ հայտնաբերել է հյուրանոցի աշխատակիցը և այդ մասին հայտնել կազմակերպիչներին: Կարինա Բարսեղյանը կոչ է անում իրավապահ մարմիններին հետաքննել կատարվածը:









