Եգիպտոսի նախագահական ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան կիրակի
Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ ու վճռորոշ փուլի արդյունքները հայտնի կդառնան կիրակի օրը, հայտնում է եգիպտական պետական հեռուստաընկերությունը:
Թեև ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է հունիսի 16-ին, սակայն պաշտոնական արդյունքները մինչ օրս հայտնի չեն:
Սակայն, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախագահի երկու թեկնածուները` Մուհամեդ Մուրսին ու Ահմեդ Շաֆիկը, արդեն իրենց հաղթող են ճանաչել:
Youm7 եգիպտական թերթն էլ գրում է, որ ցմահ ազատազրկված Եգիպտոսի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը կրկին վատացել է:
Հիշեցնենք,ն որ անցած երեքշաբթի Մուբարաքը կաթվածի նախանշաններով բանտից հոսպիտալացվել էր զինվորական հոսպիտալ: Սակայն բժիշկները նրան հետազոտելուց հետո կաթվածի նշաններ չէին հայտնաբերել:
Այնուհետ հաղորդագրություն էր տարածվել, թե նա կլինիկական մահ է տարել, ինչն ավելի ուշ հերքվել էր:









