Էրեբունի ամրոցի հայ-ֆրանսիական արշավախումբը հյուրընկալել է դեսպան Անրի Ռենոյին
Այսօր առավոտրյան Էրեբունի ամրոց է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և դեսպանության մշակութային համագործակցության հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտենի ուղեկցությամբ:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից տեղեկացնում են, որ 2012թ. հունիսի 5-ից Էրեբունի ամրոցում վերսկսված հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների ծրագիրը նախատեսված է 2012-2015 թվականների համար և ֆինանսավորվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների կողմից: Պեղումների այս գործաշրջանում «Էրեբունի» արգելոց-թանգարանը հանդես է գալիս նաև որպես պեղումների ձեռնարկող:
Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պ. Ավետիսյանի հետ միասին դեսպանը շրջել է պեղումների հրապարակով, ծանոթացել հնավայրի հարավային առանցքով բացված ուրարտական փողոցի և պեղումների արդյունքում բացված հնագիտական շերտերի թվագրման վերաբերյալ մեկնաբանություններին, զննել հնագետների կողմից հայտնաբերված մի քանի խեցեղեն գտածոներ և անգամ շոշափել դրանք:
Պատասխանելով լրագրողների բազմաթիվ հարցերին` Անրի Ռենոն նշել է, որ «... հնագիտությունը թույլ է տալիս հասկանալ, թե ով ես դու, որտեղից ես գալիս և ուր ես գնում: Հնագիտական հետազոտությունները կարևոր են այնքանով, որ դրանք պատասխանում են ինքնության հետ կապված հարցերին»:
Նա թեև խոստովանել է, որ Հայաստանի հարուստ հնավայրերից ճանաչում է միայն Էրեբունին, սակայն հավաստիացրել է, որ առաջիկայում ծրագրում է այցելել նաև այլ հուշարձաններ:
Պեղումների նպատակը և նշանակությունը ներկայացրել են ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը և Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը: Ստեֆան Դեշամպը նշել է, որ Էրեբունին հետաքրքիր հնավայր է և իր ճարտարապետության և հայտնաբերված հնագիտական առարկաների տեսանկյունից: Նա Էրեբունին գնահատել է որպես կարևոր հնագիտական հուշարձան` ողջ Մերձավոր Արևելքի համար: Դեսպանի հետ զրույցում Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը բազմիցս կարևորել է Էրեբունիի դերը Երևան մայրաքաղաքի համար և շեշտել է հնավայրը հանրությանը նորովի ներկայացնելու բարելավումների անհրաժեշտությունը:
Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը դեսպանին տեղեկացրել է, որ արդեն ֆրանսիացի գործընկերների հետ աշխատում են համատեղ ցուցահանդեսի շուրջ, որը կրելու է «Էրեբունի. երեկ և այսօր» խորագիրը:









