«Երևան-Վանաձոր» ուղեվարձի թանկացումից չի կարելի ենթադրել, որ այլ թանկացումներ կլինեն. Սուսան Տոնոյան
«Երևան-Վանաձոր» երթուղու ուղեվարձի թանկացումից չի կարելի հետևություն անել, թե կթանկանան միջքաղաքային այլ երթուղիների ուղեվարձերը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսան Տոնոյանը:
«Երևան-Վանաձոր» երթուղու ուղեվարձի թանկացումից չի կարելի ենթադրել, որ միջքաղաքային բոլոր երթուղիների սակագների բարձրացում նույնպես սպասվում է»,- ասաց նա։
Նշենք, որ հունիսի 19-ից թանկացել է «Վանաձոր-Երևան-Վանաձոր» երթուղին սպասարկող միկրոավտոբուսների ուղեվարձը՝ նախկին 1200 դրամից դառնալով 1400 դրամ:
Ինչպես հիմնավորել են երթուղին սպասարկող «Գասուռ» և «Ոսկեթև» ընկերությունները, թանկացել են դիզվառելիքն ու ավտոպահեստամասերը, որոնք էլ մասամբ նախարարությունը հաշվի է առել և ուղեվարձը թանկացնելու առաջարկությունը բավարարել է՝ ուղեվարձ սահմանելով ոչ թե առաջարկված 1500 դրամ, այլ 1400 դրամ:
Թանկացել է նաև մեկ այլ ուղևորափոխադրումներ իրականացնող «Վանաձոր» տաքսի ընկերության սպասարկման գները, մասնավորապես` «Հոնդա» մակնիշի մեքենայով Երևան մեկնելու համար նախկին 1500-ի փոխարեն վճարը դարձել է 1800 դրամ:
Միևնույն ժամանակ Սուսան Տոնոյանն ավելացնում է, թե «համենայն դեպս, մինչև այս պահը, բացի «Երևան-Վանաձոր» երթուղին սպասարկող երկու առընթերություններից ուղեվարձը թանկացնելու առաջարկությամբ նախարարություն դիմել է միայն մեկ ընկերություն»:
Ըստ նրա, մրցութային հանձնաժողովը կորոշի, թե ներկայացրած հայտը որքանով է հիմնավորված և նոր միայն կորոշի բարձրացնել այն, թե՝ ոչ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը Tert.am-ին ասաց, որ ՏՄՊՊՀ-ն իրավասություն ունի վերահսկողություն իրականացնել այն շուկաներում, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ: Այս դեպքում, ըստ նրա, հասցեատերը Տրանսպորտի և կապի նախարարությունն է:









