Գյուլը չի բացառել, որ թուրքական ինքնաթիռը կարող է հատած լինել սիրիական սահմանը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր անդրադարձել է երեկ Սիրիայում ռազմական ինքնաթիռի կործանմանը:
«Այդ հարցը կոծկել հնարավոր չէ, անհրաժեշտ ամեն ինչ կիրականացվի»,- ասել է Գյուլը:
Գյուլն ըստ էությամբ չի բացառել, որ թուրքական օդանավը կարող է իրոք հատած լինել սիրիական սահմանը:
«Ծովի վրա թռիչք իրականացնելիս հնարավոր է, որ ինքնաթիռի առջևի հատվածը հատել է սահմանը, սակայն դա վատ մտադրության հետևանք չէ: Դա կարող է տեղի ունեցած լինել պարզապես արագության հետևանքով և ոչ օդաչուի ցանկությամբ»,- ասել է նա:
Նա նշել է, որ թուրքական ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո հեռախոսով կապվել են պաշտոնական Դամասկոսի հետ:
«Մենք մեր ներկայացուցիչներին Սիրիայից հետ կանչեցինք, քանի որ նրանց կյանքն այնտեղ ապահով չէր, սակայն դա չի նշանակում, որ Սիրիայի հետ առհասարակ որևէ կապ չունենք»,- ասել է Գյուլը:









