Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցողը տեսնում է ապագա «տեքստի եզրերը»
Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում կողմերը բավական առաջ են շարժվել և Ասոցացման համաձայնագրի Հայաստանի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանն արդեն տեսնում է «տեքստի ավարտման եզրերը»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ գործընթացի ավարտման ժամանակահատվածը մինչև տարեվերջ է:
«Մենք այս տարվա ընթացքում ունենք ևս երկու ռաունդ՝ մինչև տարեվերջ, նաև հաջորդ տարում՝ մի քանի ռաունդ ու մտադիր ենք արագ տեմպերով շարժվել առաջ: Հաշվի առնելով, որ մինչև բուն բանակցությունները մենք արդեն կատարել էինք բավական մեծ աշխատանք՝ նախապայմաններն իրականացնելու առումով, սա մեզ առիթ է տալիս օպտիմիստ լինել, որ համաձայնագրի իրականացմանը կհասնենք նույն տեմպերով»,-նշեց դիվանագետը:
Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսի 19-ին, փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ հունիսի 20-ին, Բրյուսելում ավարտվեց Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը:
Ասոցացման համաձայնագրին զուգընթաց բանակցություններ են ընթանում ԵՄ անդամ երկրների Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի (ներգաղթի - Tert.am) մասին պայմանագրերի շուրջ: Դրանք սկսվել են 2012-ի փետրվարին, և արդեն հաջորդ շաբաթ կսկսվի երկու պայմանագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը:
Ըստ Զոհրաբ Մնացականյանի, այս բոլորը՝ Ասոցացման համաձայնագիրը, Վիզաների դյուրացումը և ռեադմիսիայի պայմանագրերը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսությունը, մի ամբողջություն են, ինչն ընթանում է այն ուղղությամբ և տրամաբանությամբ, որպեսզի խորացվի ԵՄ հետ գործընկեր երկրների քաղաքական ասոցացումը և խթանվի ՀՀ տնտեսության ինտեգրումը՝ համաձայն ԵՄ օրենսդրության և չափանիշների, ինչպես նաև երկուստեք ապահովվի մուտքը շուկաներ։
Ինչ վերաբերում է վիզաների դյուրացմանը, ապա այն ոչ թե ենթադրում է ԵՄ անդամ պետությունների հետ ոչ վիզային համակարգի ներդրում, այլ վիզաների դյուրացում: Իսկ վիզաների լիբերալիզացումը, ըստ Մնացականյանի, կարևորագույն նպատակներից մեկն է, քանի որ այն մարդկանց հնարավորություն կտա Եվրոպայում տեղաշարժվել առանց սահմանափակումների:
«Բայց դրան հասնելու համար երկար ժամանակ է պետք և առաջին փուլը վիզաների դյուրացումն է»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ խորհուրդ տալով չմոռանալ զուգահեռաբար բանակցվող ռեադմիսիայի պայմանագրի մասին:
Հիշեցնենք, որ այն նաև անդրադառնում է ոչ լեգալ կարգավիճակով Եվրոպայում բնակվող ՀՀ քաղաքացիների «քաղաքակիրթ հետվերադարձին» Հայաստան:
Հայաստանը, ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ եվրոպական 12 երկրի հետ նման պայմանագիր ունի:
Tert.am-ի տեղեկություններով, Եվրոպայում նման կարգավիճակով հայտնված մեր հայրենակիցների շրջանում այդ առիթով բավականին անկումային տրամադրություններ կան, նույնիսկ կան տեղեկություններ, որ Բելգիայում հայ փախստականներից բաղկացած ճամբարներից մեկում, պայմանավորված հետվերադարձի հեռանկարով ինքնասպանության փորձեր են եղել:
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ իրեն նման դեպքերի մասին ոչինչ հայտնի չէ.«Շփվելով միգրացիոն գործընթացների համար պատասխանատու մեր գործընկերոջ հետ, կարող եմ ասել, որ ունենք մարդկանց հսկայական հոսքեր (դեպի դուրս-Tert.am)»:
Ինչ վերաբերում Վիզաների դյուրացման պայմանագրի ընձեռած հնարավորություններին, ապա այն թույլ է տալիս իրական ճանապարհորդողներին (այլ ոչ Եվրոպայում մնալու մտադրություն ունեցողներին -Tert.am ) դյուրացված կերպով այցելել շենգենյան գոտի և ԵՄ անդամ երկրներ: Եվ դա վերաբերելու է ՀՀ քաղաքացիների տարբեր խմբերի՝ ուսանողների, ակադեմիական և բիզնես շրջանակներին և այլն:









