«Ժառանգության» խոսնակը օլիգարխներին միլիարդ է առաջարկում, միայն թե Սևանից ջուր բաց չթողնեն դեպի Ադրբեջան
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում հասարակության անունից հանդես է եկել Հայաստանի օլիգարխներին ուղղված առաջարկով. այն է՝ հրաժարվել 1000 տարվա եկամուտներից՝ 100 տարվա եկամուտների փոխհատուցման խոստումով:
Հովսեփ Խուրշուդյանը գրում է.«Ադրբեջանն ունի նավթ, իսկ Հայաստանը՝ քաղցրահամ ջուր, որի գինն արդեն այսօր շատ երկրներում նավթից էլ թանկ է, իսկ ամբողջ աշխարհի մասշտաբով, ուր բնակչությունը սրընթաց տեմպերով աճում է՝ բերելով քաղցրահամ ջրի հսկայական պահանջարկ, արդեն 2030թ.-ին մարդկանց 50%-ը տառապելու է քաղցրահամ ջրի պակասից:
Ընդ որում, ամենաթանկ արժեքն այն ունենալու է հենց մեզ շրջապատող տարածաշրջաններում ու երկրներում՝ Մերձավոր Արևելք, Պարսից ծոցի երկրներ, Միջին Ասիա, Ադրբեջան:
Նաև հայտնի է որ 21-րդ դարի պատերազմները լինելու են քաղցրահամ ջրի համար: Սակայն եթե այսօր Ադրբեջանը իր նավթը անգամ թանկ գնով չի վաճառում Հայաստանին, համարելով մեզ իր ոխերիմ թշնամի, ապա Հայաստանը ամեն տարի միլիոնավոր խորանարդ մետր քաղցրահամ ջուր է նվիրում այդ երկրին:
Պատճառը. Հայաստանը գրաված օլիգախներն ու օլիգարխիկները Սևանի ափին ամառանոցներ և հյուրանոցներ ունեն, որի պատճառով Հայաստանը չի կարողանում իր այդ բնական պահեստարանում սերունդների համար ամբարել 21-րդ դարի ոսկին»,-գրել է «Ժառանգության» մամուլի խոսնակը և հավելել, որ հենց Սևանա լճի ջրի մակարդակը հասնում է օլիգարխների ամառանոցներին՝ Կառավարությունը հայտարարում է, թե՝ «տարիn չորային է և պետք է շտապ ջուր բաց թողնել Սևանից՝ դեպի Ադրբեջան»:
Խուրշուդյանը ներկայացնում է նաև իր առաջարկը.«Ես՝ որպես օլիգարխներին և օլիգարխիկներին պարտված ժողովրդի հասարակ ներկայացուցիչ՝ առաջարկ ունեմ անելու: Շատ էլ որ հաղթել եք ժողովրդին: Առանց ժողովրդի ձեր անսպառ ագահությանը ինչպե՞ս եք հագուրդ տալու: Ուրեմն, գոնե մեկ-մեկ էլ լսեք մեր ձայնը և ի նպաստ մեզ էլ քայլեր արեք: Դե, իհարկե, առանց ձեր գրպանային շահերին վնասելու (հաղթողներին չեն դատում. ճարներս ի՞նչ): Ուրեմն լսե՛ք: Առաջարկում եմ ձեզ ավելի անկեղծ լինել և Սեւանից հերթական անգամ ջուր բաց թողնելու օրենսդրական նախաձեռնության փոխարեն, ԱԺ բերել Սևանի ափին գտնվող ձեր սեփականության դիմաց բյուջետային փոխհատուցման հարցը:
Հասկանալի է, որ ոչ շուկայական արժեքի, ոչ էլ դրա եռապատիկի հետ դուք չեք համաձայնի, քանի որ կասեք, որ այդ սեփականությունը ձեզ և ձեր օլիգարխ զավակներին դեռ 1000 տարի եկամուտ պետք է բերի: Դե 1000 տարվա եկամտի փոխհատուցումը ամբողջ ժողովրդով հաստատ չենք ձգի, բայց գոնե մի 100 տարվա եկամտի փոխհատուցման, կարծում եմ, պատրաստ ենք:
Որքան կկազմի դա. միլիա՞րդ դոլար: Երկո՞ւ: Ոչինչ: Դրանից տասնապատիկ ավելին եք քամել Հայաստանից: Հայաստանը դրան էլ կդիմանա: Բայց գոնե կիմանանք, որ դրա տասնապատիկը ապագա սերունդները կշահեն: Խոսքը տասնյակ միլիարդավոր խորանարդ մետր քաղցրահամ ջրի մասին է, որը դեռ կարող ենք փրկել, եթե բավարարենք ձեր ագահությունը»,- գրում է Հովսեփ Խուրշուդյանը:









