Նոր որակի ԱԺ չի կարող լինել, եթե այն չի ձևավորվել հասարակության քվեով. Պետրոս Մակեյան

15:18 • 23.06.12

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ Պետրոս Մակեյանն այն կարծիքին է, որ ՀԱԿ-ի ներկայությունը խորհրդարանում իրեն մասամբ զգալ տվեց, բայց դրանով հանդերձ վերջինս չի կարող պնդել, թե ՀԱԿ-ի և «Ժառանգության» նոր պատգամավորների ներկայությամբ երկիրն ունեցավ նոր որակի խորհրդարան:



«Եթե էդ խորհրդարանի չափաբաժինը որոշում են առանձին մարդիկ՝ առանց հասարակության քվեի՝ ԱԺ ձևավորելով, այն չի կարող տարբերվել նախորդ երեք խորհրդարաններից»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը։


«Իսկ որ առանձին անհատներ հայտնվել են ԱԺ-ում՝ ի դեմս ՀԱԿ-ի և ուրիշ կուսակցությունների, դա մեծ որակ չի տալիս: Եվ այդ քննարկումները, ցավոք սրտի, ավելի շատ իմիտացիա են, ինչպես մեր երկրի բոլոր ոլորտներում»,- ավելացրեց նա։

 

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլի խմբագրականներում և վերլուծականներում Կառավարության գործունեության առաջիկա հինգ տարվա ծրագրի քննարկումների առնչությամբ («Հայկական ժամանակ», «Իրատես դե ֆակտո» և այլն -Tert.am ) բավական շատ օգտագործվեցին «նոր որակի քննարկումներ», «նոր որակի խորհրդարան» ձևակերպումները:
Անգամ՝ նոր գումարման ԱԺ-ն համեմատվեց 1998 թվականի խորհրդարանի հետ:


Պետրոս Մակեյանն անգամ չխուսափեց ասել, որ այդ իմիտացիան ստեղծվում է նաև ՀԱԿ-ի անուղղակի մասնակցությամբ, քանի որ՝ «ուզես, թե չուզես, չուզենալով էլ մասնակից ես դառնում»:

 

Այնպես որ, Պետրոս Մակեյանն ԱԺ առաջին արտահերթ նիստից իր տպավորություններն ամփոփում է հետևյալ եզրահանգմամբ՝ ՀԱԿ–ի ԱԺ մտնելը ճիշտ էր, բայց չպետք է ակնկալել, որ ՀԱԿ-ը, ինչպես և քաղաքական որևէ այլ ուժ, կկարողանա այս իմաստով իրավիճակ փոխել:

 

Մակեյանն այն կարծիքին չէ, որ ինքը մաքսիմալիստական դիրքորոշում ունի, այն առումով, թե՝ չխոսելով, չքննարկելով, իր իսկ ձևակերպմամբ, զբաղվելով անուղղակի իմիտացիայով, «Հայ ազգային կոնգրես»-ը, գոնե, դժվարություններ է ստեղծում իշխող քաղաքական մեծամասնության համար:

 

Ի պատասխան՝ Պետրոս Մակեյանն ասաց, թե 2007- 2008թթ. «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ կուսակցությունների ակտիվացմամբ և հասարակության շրջանում բարձր վարկանիշի ձեռք բերմամբ, Կոնգրեսն իշխանությունների որակի վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունեցավ ու շատ ավելի մեծ զսպվածություն թելադրեց իշխանությանը, քան այսօր՝ գտվելով ԱԺ-ում:

 

Այս առումով Պետրոս Մակեյանը մի հարցադրում է ձևակերպում.«Այստեղ խնդիրը մաքսիմալիզմը չէ, այլ այն, թե, արդյո՞ք, հնարավոր է էվոլուցիոն ճանապարհով ինչ-որ բան Հայաստանում փոխել»:

 

Այս հարցին Պետրոս Մակեյանը պատասխանեց՝ «ոչ», հաշվի առնելով հետևյալը՝ «ընդամենը վերջին ընտրություններին էր, որ իշխանությունը սեփական ժողովրդին վերածեց ապրանքի, իսկ դրա գինը որոշում էին առանձին ֆեոդալները»: