Բահրեյնի ընդդիմության առաջնորդը վիրավորվել է բողոքի ցույցերի ժամանակ
Բահրեյնի Wefaq ընդդիմադիր կուսակցության առաջնորդ շեյխ Ալի Սալմանը վիրավորվել է մայրաքաղաք Մանամայում անցկացված բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության հետ բախումների արդյունքում, հայտնում է Reuters-ը:
«Ոստիկանության արձակած ռետինե փամփուշտները վնասել են Սալմանի ուսի և կրծքավանդակի հատվածը»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Ընդդիմությունը բողոքի ցույցով պահանջում է ժողովրդավարական բարեփոխումներ: Ականատեսների խոսքով` ոստիկանները դիմել են կտրուկ գործողությունների այն բանից հետո, երբ նրանց ուղղությամբ սկսել են նետվել դյուրավառ հեղուկով շշեր:
Բահրեյնում ազգային հուզումները սկսվել են նախորդ տարվա փետրվարի կեսերից: Բողոքի ակցիաներին մասնակցել են ընդդիմադիր ուժերը` հիմնականում շիա-մահմեդականներով ներկայացված, որոնք կազմում են երկրի բնակչության 75%-ը: Նրանք սունի իշխանություններից պահանջում են իրենց իրավունքների ընդլայնում:
Ընդդիմության ցույցերը ճնշել հաջողվել է նախորդ տարվա մարտին`Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կողմից Բահրեյն ուղարկված զինվորականների օգնությամբ:









