Հայ ուսուցչուհին բջջայինի պատճառով խնդիր է ունեցել ամերիկացի աշակերտի հետ

11:31 • 24.06.12

Գլենդելի միջնակարգ դպրոցներից մեկում աշակերտի հեռախոսում 2 մերկ համբուրվող կանանց լուսանկար է եղել, որը տեսել է ամբողջ դասարանը: Մաթեմատիկայի ուսուցչուհի Թալինե Արսենյանը դրանից հետո վերցրել է հեռախոսը և դրել փակ դարակում, մանրամասներ է հաղորդում Glendale News-Press-ը՝ տեղեկացնելով բջջայինի պատճառով ծագած խնդրի մասին:

 

Հայ ուսուցչուհու և աշակերտի միջև կոնֆլիկտ է առաջացել, որի օրինակով լրատվամիջոցը դիտարկել է լայն տարածում ունեցող այդ խնդիրը Գլենդելի դպրոցներում:

 

Այս դեպքում աշակերտը իր հեռախոսը վերցնելու համար դպրոցի տնօրինությանը բողոքել է ուսուցչուհի Արսենյանից: Նրանից պահանջել են վերադարձնել վերցված հեռախոսը:
 

Արսենյանը հայտնել է, որ օրական աշակերտների կողմից բջջային հեռախոսների գործածությունը մոտ 80 անգամ ընդհատում է իրեն: Նրա գնահատականով սա «ճակատամարտ է» և հասկանալի չէ, թե ինչպես պետք է ուսուցիչները հաղթող դուրս գան դրանում:



Ներկայում ներդպրոցական կանոնադրությամբ թույլատրված է, որպեսզի դասերը խանգարելու դեպքում «դպրոցի պաշտոնյաները», այդ թվում՝ ուսուցիչները, աշակերտներից վերցնեն հեռախոսները: Այժմ որոշ շրջանային դպրոցներ ցանկանում են խստացնել օրենքը, որով աշակերտներից հեռախոս վերցնել կկարողանան միայն «դպրոցի տնօրինության ներկայացուցիչները»:
 


Սա պայմանավորված է այն վիճակագրությամբ, որի համաձայն ուսուցիչների վերցրած հեռախոսների մեծ մասը Գլենդելում կորչում են:



Մեկ այլ գլենդելյան դպրոցի աշխատակից՝ վարչության փոխնախագահ Նայիրի Նահապետյանը, կարծիք է հայտնել, որ տնօրինությունը պետք է հնարավորինս «շատ միջոցներ տա ուսուցչին՝ դասարանի հետ աշխատելու համար, այլ ոչ թե նվազեցնի դրանք»՝ սահմանափակումներ մտցնելով: