Ընդդիմությունը թող այլընտրանք առաջարկի, հակառակ դեպքում դեմ արտահայտվելը պոպուլիզմ է. ՀՀԿ-ական պատգամավոր

15:18 • 24.06.12

Լուսանկարը՝ hraparak.am-ի


ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը Սևանա լճից 150 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու մեջ ոչ մի արտասովոր քայլ չի տեսնում. «Չոր, երաշտային տարի է եղել, գյուղացուն առանց ջո՞ւր թողնենք, ո՞նց կլինի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Գրիգորյանը, և նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվելուց բացի նաև այլընտրանք թող առաջարկի: Հակառակ դեպքում միայն դեմ արտահայտվել և ոչինչ չասել, նշանակում է պոպուլիզմով զբաղվել:



«Ճիշտ է այս տարի առատ ձյան տարի էր, սակայն գարնանը առատ ձյան հետ մեկտեղ պետք է անձրևային լիներ, սակայն անձրև գրեթե չեկավ, և կանգնեցինք մի փաստի առաջ, որ մեր գյուղացուն ջուր պետք է տանք: Ես որպես այդ ոլորտի մասնագետ պետք է նշեմ, որ հավելյալ ջուր բաց թողնելը խնդիր չի առաջացնի: Մենք բոլորս գյուղացիներ ենք, և տեսնում ենք, որ հանրապետությունում երաշտ է, և գյուղ գնալ, գյուղացու առաջ դոշ ծեծելուց բացի թող նաև մտածեն նույն գյուղացու մասին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ծննունդով գեղարքունիքցի Ռաֆիկ Գրիգորյանը:



Հարցին, թե հավելյալ ջուր բաց թողնելը հնարավո՞ր է, որ ոչ թե երաշտի դեմ պայքարի համար է արվում, այլ մի շարք գործարարների հյուրանոցները լճի բարձրացումից փրկելու, ինչպես ասում են ընդդիմադիր դաշտում, Ռաֆիկ Գրիգորյանը տվեց բացասական պատասխան:

«Ոչ նման բան չկա, քանի որ վերջին տարիներին մեր կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում է Սևանը բարձրանում, և ինչ ունեցվածք էլ մնա ջրի տակ կառավարությունը բազմիցս զգուշացրել է, որ փոխհատուցում չի լինելու: Այս տարիների ընթացքում 2 անգամ մեկ 2008 թվականին, մեկ էլ այս տարի ջուր է հարկավոր, և պետք է տալ ջուրը գյուղացուն: Հավելյալ ջուր բաց թողնելը Սևանի մակարդակի վրա կունենա ընդամենը 13 սանտիմետր անկման ազդեցություն, բայց այս տարիների բարձրացման ֆոնի վրա դա գրեթե ոչինչ է»,- նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:


Հիշեցնենք, որ Կառավարությունը դիմել էր ԱԺ-ին, որպեսզի թույլատրեն Սևանա լճից բաց թողնել 150 մլն խմ ջուր: ՀՀ ԱԺ-ն 93 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ հավանության արժանացրեց ՀՀ կառավարության որոշումը:

Նշենք, որ Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնելը մի շարք հասարակական և բնապահպան ակտիվիստների դուր չէր եկել, և վերջիններս իրենց մտահոգություններն էին հայտնում խնդրի վերաբերյալ: