Գյուղմթերք տեղափոխող մեքենաները բախվել են. կա 2 զոհ 3 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր, հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իրար են բախվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ 25-ամյա Թելման Գրիգորյանի վարած «Վազ 2101» մակնիշի 43 ԼՕ 372 համարանիշի և Արմավիրի մարզի Արմավիր գյուղի 45-ամյա բնակիչ Գրիգոր Ավագյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 18 ՍԼ 357 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով տեղում մահացել են «Վազ 2101-ի» վարորդ Թ. Գրիգորյանը ու նրա ուղևոր, նույն գյուղի բնակիչ և նույն գյուղի դպրոցի 7-րդ դասարանի սովորող՝ 13-ամյա Ռոման Գրիգորյանը, իսկ մարմնական վնասվածքներով Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել Արմավիր գյուղի բնակիչներ 17-ամյա Գոռ Եղիշյանը և նրա հասակակից Դավիթ Հակոբյանը, իսկ «Ֆորդ Տրանզիտի» վարորդը տեղափոխվել է Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Յուրա Հովհաննիսյանի և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել անձամբ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը: Քննչական աշխատանքները վթարի վայրում ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Բաղդասար Կիրակոսյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ավտոմեքենաները գյուղմթերք էին տեղափոխում, իսկ մահածացները հորեղբոր տղաներ էին:
Գ. Շամշյանը նաև հայտնում է, որ փաստի առթիվ, հավանաբար, կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 3-րդ կետի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման վայր:
Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









