ԵՊՀ-ի աշխատակիցը «Գրանդ Չերոկիով» շրջվել է գլխիվայր, կա 4 վիրավոր (թարմացված, լուսանկարներ)

18:50 • 24.06.12

Այսօր՝ հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Աշոտ Ալիխանյանը, վարելով «Գրանդ Չերոկի» մակնիշի 23 ՕԼ 432 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Ծղուկ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել:


Մինչ վթարի վայր կժամանեին փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, վարորդին և վիրավորներին օգնությունը ցուցաբերել են նշված հատվածով երթևեկող քաղաքացիներն ու գյուղի բնակիչները: Նրանց վթարի վայրից շտապօգնության մի քանի բրիգադներ տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդը աշխատում է ԵՊՀ-ի շահագործման բաժնում:


Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Հովհաննիսյանը:


Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչներ Անդրանիկ Խաչատրյանի և Գուրգեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Արդեն քննիչի հանձնարարականով վթարի վայր են բերվում քարշակ ավտոմեքենան, որպեսզի վթարված մեքենան տեղափոխվի Ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանման տարածք:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Սիսիանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 հոգի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: