Եղեգնաձորում ավտովթարի են ենթարկվել ՊՆ 2 դասակի հրամանատարներ. Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

22:04 • 24.06.12

Այսօր՝ հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 26-ամյա Էդվարդ Արամյանը, վարելով «Նիսան Ալտիմա» մակնիշի 88 ՍՍ 303 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի ձախ երթևեկելի մասից և բախվել ծառին:

 

Վթարի արդյունքում վարորդը և ուղևոր՝ նույնպես Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 23-ամյա Գեդեոն Հարությունյանը տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է: Նա ունի անրակի կոտրվածք և վնասվածքներ գլխի մասում:

Գ. Շամշյանին հայտնի է դարձել նաև, որ երկուսն էլ ծառայում են ՊՆ N զորամասում` որպես դասակի հրամանատարներ:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ռազմական ոստիկանության 8-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ասպուր Ավետիսյանը: