Կառավարությանն ընդդիմախոսելը տպավորիչ է, բայց ոչ նորություն. Արմեն Մարտիրոսյան
ՀՀ կառավարության գործունեության ծրագրին ընդդիմախոսողների թիվը 5–րդ գումարման Ազգային ժողովում շատ ավելի մեծ է, քան նախորդում, և այդ իսկ պատճառով, տպավորություն է ստեղծվում,թե այս անգամ մեծամասնություն-ընդդիմություն բանավեճը շատ ավելի կոնցեպտուալ է, Tert.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց չորրորդ գումարման խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Այսպիսի տպավորություն է, կարծեք թե արհեստական…, բայց 2007 թվականին էլ, 2008-ին էլ ընդդիմախոսություն եղել է, 2007-ին, ընդամենը, «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցություններ էին, 2008-ին արդեն մենք միայնակ էինք: Ընդամենը, 6-7 պատգամավոր էինք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ համաձայնելով, որ կառավարության գործունեության 5 տարիների ծրագրին դեմ արտահայտվող 4 խմբակցությունների ելույթները «թվաքանակի առումով, իհարկե, տպավորիչ էին»:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում Սևանա լճից 150 մլն խմ ջուր բաց թողնելու վերաբերյալ Կառավարության ներկայացրած օրինագծի կապակցությամբ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցության» խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, նշելով, թե հասկանում է, որ որոշ պատգամավորներ ուզում են ՀՀԿ-ի դիրքորոշումը պաշտպանել, նկատել էր. «Կարո՞ղ է այնպես լինի, որ հանուն ՀՀԿ-ի այնպես անեք, որ Ենիսեյ գետը Հայաստանով անցնի», ինչին ի պատասխան ՀՀԿ–ական պատգամավոր Վարդան Այվազյանը խոստացել էր անել, եթե միայն Դաշնակցությունը, ինչպես հայտնի երգում՝ Ստամբուլը դարձնի արյան ծով:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը կրկին նշեց, որ բովանդակային առումով սա նորություն չէ:









