Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի և Զաբել Եսայանի ստեղծագործությունները թարգմանվել են թուրքերեն
Թուրքիայում ժամանակակից թուրքերենով թարգմանվել և հրատարակվել է հայ մի քանի հեղինակների ստեղծագործությունների ժողովածուն: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ենի շաֆաք» պարբերականը թարգմանված հեղինակների թվում են պոլսահայ գրողներ Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, Զապել Եսայանը:
«Թուրքական գրականության մեջ տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչ գրողների անունները չեն հիշատակվում: Սակայն այս հողերում մեզ հետ միասին ապրած տարբեր մշակույթների, լեզուների և կրոնների ներկայացուցիչ բազմաթիվ արվեստագետներ կարևոր ստեղծագործություններ են թողել: Այդ հեղինակների մեջ մեծ արժեք ունեն նաև հայազգի գրողներն ու բանաստեղծները»,- գրում է պարբերականը:
Ստեղծագործությունները Սարգիս Սրենցի կողմից թարգմանվել են օսմաներեն, իսկ օսմաներենից` ժամանակակից թուրքերեն: Գրքում առկա են թե՛ օսմաներեն, թե՛ ժամանակակից թուրքերեն տարբերակները:
376 էջանոց ժողովածուն արդեն վաճառվում է և արժե 20 թուրքական լիրա:










