Մենք կկարողանանք 5 տարի հետո արձանագրել, թե ի՞նչն ենք արել, ինչը՝ ոչ. Արտակ Զաքարյան

11:39 • 25.06.12

Նոր ձևավորված խորհրդարանը բազմաշերտ է, ինչը քաղաքական գաղափարների ու մոտեցումների շուրջ երկխոսության լայն հնարավարություն է տալիս, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման միտք արտահայտեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:


 
Ըստ նրա՝ այսօր քաղաքական բոլոր ուժերն ի վիճակի են հանդես գալու իրենց ընտրողների անունից: 



«Առաջին գործը, որ արեց խորհրդարանը՝ Կառավարության հնգամյա ծրագիրը հաստատելն էր: Այդ խնդիրներում ճշմարիտ և արդարացի լուծումները խիստ էական են»,– ասաց նա:



«Մենք կարողանալու ենք հինգ տարի հետո արձանագրել, թե ի՞նչն ենք կարողացել անել, ինչը՝ ոչ: Դրա համար ծրագրում տեղ են գտել նաև ռիսկային պահեր»,-նշեց նա և ավելացրեց, որ ՀՀ կառավարության ծրագիրը իրատեսական է:



«Այս ծրագրում կա հատուկ բաժին, որտեղ հաշվի են առնված բոլոր հնարավոր ռիսկերը և դրանց առկայության դեպքում իրավիճակից դուրս գալու միջոցները»,- ընդգծեց Զաքարյանը:

 


Պատգամավորն համոզմունք հայտնեց, թե 5 տարի հետո Կառավարության ծրագրի շնորհիվ կկարողանանք ունենալ այնպիսի պետություն ու քաղաքացի, որի կենսական պայմանները մի քանի անգամ գերազանցելու են այսօրվա վիճակին:


Բանախոսը բնական է համարում այն, որ խորհրդարանի մյուս կուսակցությունների մոտեցումները Կառավարության ծրագրի նկատմամբ այլ են:


«Յուրաքանչյուրն ունի իր մոտեցումները և իր պատկերացումները: Բայց ամբողջականության մեջ ծրագիրը դիտվում է, որպես իրատեսական: Մենք հավատարիմ ենք բարեփոխումներին, մեզ համար այն միայն գեղեցիկ ձևակերպումների մեջ չէ: Ցանկացած ծրագիր չափվում է իր արդյունքներով»,- ասաց ՀՀԿ անդամը:

 


Անդրադառնալով ԲՀԿ-ականների կողմից Կառավարության ծրագրի քննադատությանը, Արտակ Զաքարյանը նշեց, որ ցանկացած ուժի համար դժվար է «միաժամանակ չլինել ընդդիմություն, և չլինել իշխանություն»: