Մեղուների «գրոհի» արդյունքում հոսպիտալացված բուդդիստների թիվը հասել է 76-ի. 6 վանական կոմայի մեջ է
Թայլանդի Չիանգմայ քաղաքում` Վատ Չեդի Լուանգ վանքի տարածքում, մեղուների խայթոցի հետևանքով հոսպիտալացված կուսակրոն բուդդիստների թիվը հասել է 76-ի, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով The Bangkok Post-ին: Ավելի վաղ հաղորդվում էր 40 հոսպիտալացված վանականի մասին:
Հիվանդանոցներ տեղափոխված բուդդիստներից 19-ի վիճակը ծանր է, 6 վանական գտնվում է կոմայի մեջ:
Մեղուները գրոհել են վանականներին, երբ վերջիններս ավլում էին տարածքը: Թե ինչն է եղել պատճառը, պարզ չէ, սակայն հաղորդվում է, որ «նախկինում վանականներն ու մեղուները խնդիրներ չեն ունեցել»:
Չնայած միջադեպին, վանականները չեն պատրաստվում ոչնչացնել մեղուներին: Բուդդայականությունը թույլ չի տալիս սպանել կենդանի էակների, այդ թվում` միջատների:









