«Հարսնաքարի» գործով կալանավորված մենեջերն ազատ է արձակվել, տուժողները նրան չեն ճանաչել

19:51 • 25.06.12

«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ այս պահին կա կալանավորված 6 անձ, քանի որ նրանցից մենեջեր Դավիթ Հայրյանն ազատ է արձակվել։ Tert.am –ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից և հավելեցին. «Դավիթ Հայրյանը ներկայացվել է տուժողներին ճանաչման, վերջիններս չեն ճանաչել, և համաձայն Քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-մասի 1-ին կետի (ձերբակալվածը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատման , եթե չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը-Tert.am )՝ Հայրյանն ազատ է արձակվել»:


Այս պահին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված զինվորական երեք բժիշկների գործով կալանավորված են Դավիթ Ադումյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Խաչատրյանը, Արմեն Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը: Նրանք ներկայացվում են որպես «Հարսնաքար»-ի , այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ:


Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով հարոցված քրեական գործի (երկուսից ավելի անձանց ծանր մարմնական վնասվածքներ պատճառելը ) նախաքննությունը շարունակվում է: