ԱՄՆ-ն ականազերծող նավեր է ուղարկել Պարսից ծոց, իսկ Իրանը ռուսական և սիրիական զորքերի հետ համատեղ զորավարժություններ է ակնարկել
ԱՄՆ-ն 4 ականազերծող նավ է ուղարկել Պարսից ծոցի շրջան, հայտնել է ամերիկյան Ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:
«Ականազերծող նավերը համատեղ գործողություններ են անցկացնելու դաշնակիցների հետ՝ միջազգային ջրային ուղիներում ծովային փոխադրումների շարունակականությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ըստ ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի ղեկավարության՝ «ականազերծողների ժամանումը զգալիորեն կընդլայնի համագործակցությունը տարածաշրջանային գործընկերների հետ»:
Այսօր Թեհրանը Հորմուզի նեղուցը փակելու հերթական սպառնալիքն է կրկին հնչեցրել, եթե իրեն վտանգ սպառնա: Օրական Հորմուզով է անցնում աշխարհում նավթի ատրահանումների 20 տոկոսը: Այս մասին հայտնել է Իրանի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Ահմադ Պուրդաստանը: Նա ակնարկել է նաև սիրիական և ռուսական զորքերի հետ համատեղ զորավարժությունների անցկացնելու հնարավորության մասին:









